Դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրենին

Դատարանը որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

Այս պահին «Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ։

Նրանք դատարանի որոշումը համարեցին «խայտառակ ու անարդարացի»։

«Մենք պահանջում ենք ՀՀ վարչապետին, իսկ եթե նա չբարեհաճի այստեղ գալ, մենք սկսում ենք քաղաքացիական անհնազանդություն ամբողջ հանրապետության մասշտաբով», – հայտարարեց Դավիթ Ղազարյանի քեռին։

Ղազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում