Ես քաղաքական համակրանքներ չունեմ առհասարակ

Ես քաղաքական համակրանքներ չունեմ առհասարակ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Hraparak.am: Hraparak.am-ի հարցազրույցը Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն Գարեգին Խումարյանի հետ

 – Որքանով տեղյակ եմ՝ այսօր հանդիպել եք Ռադիոյի տնօրենի մրցութային հանձնաժողովի անդամների հետ։

– Այո, հանդիպել եմ, պաշտոնական մուտք չի եղել շենք, դեռ նշանակված չեմ, պայմանագիր չկա։ Շատ սովորական գործազուրկ եմ․ «Լրատվական ռադիոյից» դուրս գալու դիմումս գրել եմ, այստեղ դեռ չեմ ընդունվել։ Կարող եմ գալ «Հրապարակում» էլ աշխատել մի երկու օր (ծիծաղում է)՝ կաշկանդված չեմ։ Հանդիպման նախաձեռնությունը հանձնաժողովի անդամներինն էր, որպես ավարտ այս ընտրական մոտ 1․5-ամսյա փուլի՝ ինձ հրավիրել էին տարածքը ցույց տալու եւ իրենց հետ խորհրդակցելու, խորհուրդներ փոխանակելու․․․ սա է եղել։

– Ի՞նչ խորհուրդներ էին տալիս հանձնաժողովականները։

– Շատ կարեւոր եւ ճիշտ խորհուրդներ էին տալիս։ Նախ՝ հասկացա, որ բոլորը շատ բաց են հետագա համագործակցության համար, իսկ դա իմ համար շատ կարեւոր է։ Խոսքը մարդկանց մասին է, ովքեր, այսպես ասեմ՝ կես դարից ավելի այս ինդուստրիայի մեջ են, եւ իրենց տեսակետները, կարծիքներն ու պատկերացումներն իմ համար շատ կարեւոր են։ Ես այսօր կանաչ լույս ունեմ՝ բոլորի դուռն ուզած ժամի թակելու եւ հարցեր տալու։

– Երկրորդ փուլ անցած 5-6 հոգանոց ցուցակում վերջին պահին Ձեր հայտնվելու հրապարակումների վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը։ Գրվեց, որ չեք եղել ցուցակում, հայտնվել եք վերջին պահին։

– Ի դեպ, այդ մասին հանձնաժողովի անդամներին հարցրել եմ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա սուտ է։ Ես ի սկզբանե եղել եմ short list-ում։

– Այնուամենայնիվ, եղե՞լ է նման ցուցակ։

– Որքանով ես հասկացա՝ պաշտոնական ընթացակարգը, որպես այդպիսին, short list չի ենթադրում։ Ուղղակի բացառման սկզբունքով հեռացրել են բոլոր նրանց, ովքեր ակնհայտորեն չեն համապատասխանել, տակը մնացել են որոշակի քանակությամբ թեկնածություններ, եւ այդ ցուցակում, այո, ես եղել եմ։ Բայց ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ նրանք, ովքեր ասում են, որ չեմ եղել այդ ցուցակում, ստում են։ Իմ համար դա հասկանալը կարեւոր ու սկզբունքային էր, եւ այսօր այդ հարցի պատասխանը ես ստացա։

– Դուք Արա Շիրինյանի ընկե՞րն եք, ճանաչո՞ւմ եք իրար։

– Տրիստո սոռոկ վոսեմ (կրկին ծիծաղում է)․․․ եթե հաշվեմ որերորդ անգամն է (իրեն այս հարցն ուղղվել)․․․ չէ, մենք ընկերներ չենք։ Գոնե՝ մինչ այսօր։ Վերջին անգամ հանդիպել ենք 10-12 տարի առաջ՝ մեկ անգամ․ ես ուսանող էի, նա ժյուրիի մեջ էր։ Ես, իհարկե, գիտեմ ինքն ով է, բայց ինքն ինձ չի ճանաչում։

– Սոցցանցերում անդրադարձ եղավ «Սասնա ծռերի» նկատմամբ Ձեր համակրանքին։

– Ես լրագրող եմ, ես չունեմ, այսինքն, որեւէ քաղաքական համակրանք։ Սա պետք է շատ պարզ ու հստակ հասկանալի լինի։ Ես քաղաքական նախասիրություններ չունեմ առհասարակ։ Գիտեք՝ Արա Պապյանը «Լրատվական ռադիոյի» մշտական հեղինակներից էր մինչեւ «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծվելը։ Հիմա, հարգելի դեսպանի քաղաքական ճանապարհը գնաց այդ ուղղությամբ, բայց դա ամենեւին չի նշանակում, որ ինքը չպետք է ունենա հաղորդում «Լրատվական ռադիոյի» եթերում։ Եվ այս ռադիոյի եթերում՝ մշտական հեղինակների մեջ կան մարդիկ, որոնք այս կուսակցությունը տանել չեն կարողանում։ Օրինակ՝ Կարեն Վարդանյան, ով, մեղմ ասած, բոլորովին «Սասնա ծռեր»-ի կողմնակից չէ։ Եվ Կարեն Վարդանյանը «Լրատվական ռադիոյում» խոսում էր երկուշաբթի օրերին, Պապյան Արան՝ երեքշաբթի։

Կարծում եմ՝ լրատվամիջոցի, որը մինչ այսօր ես ղեկավարում էի, մեծագույն արժեքներից մեկն այն է եղել, որ մեզ համար միշտ արժեք են եղել մարդիկ՝ առանց իրենց քաղաքական կողմնորոշումների։

– Ռադիոյին առնչվող Ձեր անելիքները, ծրագրերը, կադրային քաղաքականությունը։

– Դա կներկայացնեմ երկուշաբթի՝ իմ ծրագրային ելույթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում