Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ

Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ: Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը։

-Պարոն Մայիլյան, Ադրբեջանը փախստականների հարցը միշտ օգտագործել է որպես քաղաքական ճնշման գործիք։ Բաքուն շարունակում է համառորեն շրջանառության մեջ դնել հայերի կողմից «օկուպացված» տարածքների և «միլիոնավոր» փախստականների թեման։ Տարիներ շարունակ Իմիշլիում, Բարդայում վրանային ճամբարներ են գոյություն ունեցել։ Ի՞նչ միջոցներ են Արցախի իշխանությունները ձեռնարկում հայ փախստականների խնդրի լուծման համար։

-Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հարցերից մեկն է։ Ընդ որում՝ պետք է նշել, որ տվյալ խնդրի առաջացումն Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի իրացման ուժային ճնշմանը միտված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքն է։ Սա շատ կարևոր է՝ ինչպես ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցի, այնպես էլ փախստականների և տեղահանված անձանց խնդրի լուծման մեթոդաբանության տեսանկյունից։ Ակնհայտ է, որ նախ անհրաժեշտ է բացառել հակամարտության սկզբնապատճառը, իսկ այնուհետև անցնել նրա հետևանքների վերացմանը։

Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ։ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը ։ Ի տարբերություն նավթային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի` Արցախում փախստականների համար ցուցադրական վրանային ճամբարներ չեն ստեղծել ու այդ խնդիրը չեն քաղաքականացրել։ Արցախցիները հակամարտության զոհերի այդ կատեգորիային տանիքի տակ կյանքի համար նվազագույն պայմաններ են ապահովել։ Մինչ օրս մեր պետությունը առանց միջազգային աջակցության շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների, ինչպես նաև ներքին տեղահանվածների համար, ովքեր վերադարձել են օկուպացումից ազատագրված բնակության նախկին վայրեր: Մասնավորապես` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի գերակա կետերից մեկն Արցախում ապաստան գտած՝ Ադրբեջանից հայ փախստականների սոցիալական խնդիրների լուծման հարցն է։

Ադրբեջանից հայ փախստականների հարցը մշտապես Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Դեռ ավելին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն արձանագրված է Արցախի Հանրապետության կառավարության ամենամյա ծրագրերում՝ որպես հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

-Դուք ճիշտ նկատեցիք՝ առանց միջազգային աջակցության: Ադրբեջանից հայ փախստականները չունեն միջազգային կարգավիճակ, նրանք չեն օգտվում որևէ միջազգային ծրագրից՝ ի տարբերություն ադրբեջանական փախստականների։ Ադրբեջանից հայ փախստականների իրավունքները լիովին անտեսվում են միջազգային ատյանների կողմից։ Նրանք դա բացատրում են Արցախի Հանրապետության չճանաչված լինելու հանգամանքով։ Բայց ի՞նչ տարբերություն՝ փախստականներն ապրում են ճանաչված, թե՝ չճանաչված երկրում։ Փաստ է, որ նրանք կան, և փաստ է այն, որ նրանց իրավունքները խիստ սահմանափակված են եղել Ադրբեջանի կողմից. նրանք հալածանքների են ենթարկվել ազգային և կրոնական հատկանիշով, նրանց կյանքին վտանգ էր սպառնում…

-Անշուշտ, իրավիճակը, որում` Արցախում ապրող փախստականները և ներքին տեղահանված անձինք լիովին մոռացված են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից, խիստ անբնական ու աղաղակող է։ Մենք համարում ենք, որ այդ մարդկանց միջազգային պաշտպանությունից և աջակցությունից զրկելը նրանց հիմնարար իրավունքների խախտում է։ Այդ դիրքորոշման մասին մենք բազմիցս իրազեկել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ վերջերս ունեցած հանդիպմանը ես նշել եմ, որ Արցախի պարագայում ԵԱՀԿ-ն չպետք է սահմանափակվի բացառապես կարգավորման գործընթացով և առանց պատշաճ ուշադրության թողնի մարդկային հարթությունը։ Մասնավորապես, հանդիպմանն ընդգծել եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տևում է արդեն 27 տարուց ավելի, և այդ փաստը որոշակի պարտավորություններ է դնում ԵԱՀԿ-ի վրա, որպեսզի հակամարտության չկարգավորվածության և Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերով պայմանավորված՝ հանրապետությունում ապրող մարդիկ, այդ թվում՝ փախստականները և ներքին տեղահանվածները, սահմանափակված չլինեն իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։

-Վերջին շրջանում որոշ տեղաշարժեր են զգացվում Արցախում ապրող փախստականների հարցում։ Օրինակ, վերջերս Երևանում Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավարը հնարավորություն ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնել տվյալ կատեգորիայի անձանց խնդիրները։ Գիտեմ, որ Ձեր նախաձեռնությունն է։ Հակիրճ պատմեք հանդիպման բնույթի մասին։

-Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին պատմել է Արցախում ապրող հայ փախստականների հետ կապված իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Արցախի Հանրապետությունում շուրջ 30 հազար հայ փախստական է ապրում, ովքեր զրկված են միջազգային աջակցությունից և օգնությունից, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Արցախ այցելելուն։ Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրել է այցելել Արցախ և տեղում ծանոթանալ Արցախում ապրող հայ փախստականների կացությանը։

-Ի՞նչ եք կարծում, կփոխվե՞ն արդյոք միջազգային կառույցների մոտեցումները Արցախում ապրող Ադրբեջանից հայ փախստականների հարցի հանդեպ։ Կարելի՞ է, արդյոք, հույսեր կապել այն բանի հետ, որ մեր փախստականները միջազգային կարգավիճակ կստանան, կկարողանան օգտվել միջազգային մարդասիրական ինչ-որ ծրագրերից և այդպես շարունակ։

-Չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, բայց, համենայնդեպս, մեր գերատեսչությունն ամեն բան անում է դրա համար, և դրա վառ ապացույցը ԵԱՀԿ գործող նախագահի հետ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավարի մեր նախաձեռնած հանդիպումն էր։ Հուսով եմ, որ Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների ձայնը լսելի եղավ։ Դրանից բացի մենք շփումներ ենք հաստատել Հայաստանի համանման կազմակերպությունների հետ։

-Անդրադառնանք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացին։ Գիտենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչին Ադրբեջանի նախագահը կտրականապես չի համաձայնում կամ պայմաններ է առաջ քաշում, որ այդ պարագայում պետք է ներկա լինի նաև Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը։

-Առաջին հերթին՝ անհրաժեշտ է նշել, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու պատրաստակամության աստիճանի ամենաճշգրիտ ցուցիչն է։ Այս համոզմունքը հիմնվում է այն անվիճելի փաստի վրա, որ բանակցությունների եռակողմ ձևաչափն ամենաարդյունավետն էր։ Հետևապես, բանակցությունների ամենաարդյունավետ ձևաչափին հակազդելը, մեր կարծիքով, հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։

Տպավորություն է առաջանում, որ պաշտոնական Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել՝ այն հույսով, որ դա կօգնի հետաաձգել միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անխուսափելի ճանաչումը՝ որպես անկախ պետություն։ Այդ նպատակով ադրբեջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ խեղաթյուրել հակամարտության էությունը՝ ներկայացնելով այն որպես տարածքային կամ միջհամայնքային հակամարտություն։ Փաստորեն, Արցախից ադրբեջանական փախստականները դարձել են Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու գործիք։

-2005թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների բնագավառում միջազգային նորմերի կոպիտ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհ դարձած անձանց իրավական պաշտպանության և վնասի փոխհատուցման իրավունքին վերաբերող հիմնական սկզբունքներն ու ղեկավարող դրույթները։

-Փախստականների և ներքին տեղահանվածների հարցը հստակ բովանդակություն չի ունենա, մինչև չտրվի գլխավոր հարցի պատասխանը. հարց, որը վերաբերում է կողմերի ունեցած պատասխանատվությանը այն անձանց առջև, ովքեր հակամարտության արդյունքում զրկվել են իրենց հայրենի հողում ազատ ապրելու և զարգանալու իրենց իրավունքից։

Ադրբեջանական ԽՍՀ-ն՝ որպես իր հայազգի քաղաքացիների զանգվածային բռնի հեռացումը նախաձեռնած հանրապետություն, ակնառու կերպով ցուցադրել է տվյալ կատեգորիայի անձանց հանդեպ իր ունեցած դիրքորոշումը։ Ո՛չ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն, ո՛չ, առավել ևս, ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը քայլեր չեն կատարել իրենց նախկին քաղաքացիների առջև սեփական քաղաքական-իրավական պարտավորությունների ճանաչման ուղղությամբ և չեն ստանձնել ո՛չ բարոյական, ո՛չ էլ նյութական պատասխանատվություն գործած արարքների համար։ Ադրբեջանից ավելի քան 400 հազար հայ փախստականներից ոչ մեկը, լքելով այդ երկիրն իր կյանքին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում, փոխհատուցում չի ստացել՝ դրանից բխող բոլոր նյութական-գույքային և բարոյական կորուստներով։

Մարդու իրավունքների բնագավառում միջազգային նորմերի կոպիտ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհ դարձած անձանց իրավական պաշտպանության և վնասի փոխհատուցման իրավունքին վերաբերող հիմնական սկզբունքների և ղեկավարող դրույթների համաձայն` նման խախտումների զոհերին պետք է վնասի լիակատար և արդյունավետ փոխհատուցում տրվի, որը ներառում է ռեստիտուցիա, փոխհատուցում, ռեաբիլիտացիա, սատիսֆակցիա և տեղի ունեցածը կրկնվել թույլ չտալու երաշխիքներ։ Փոխհատուցում պետք է տրամադրվի տնտեսական գնահատման ենթակա յուրաքանչյուր վնասի դիմաց՝ հաստատված կարգով և խախտման լրջությանը համաչափ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում