Անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է. Արման Թաթոյան

Անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը մարդու իրավունքներից մեկն է. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Անանուն տեղեկություն տրամադրելը կամ անանուն մնալը համարվում է մարդու իրավունքներից մեկը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ին տրված հանձնարարությանը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ:

Նրա խոսքով՝ դրա հետ կապված կան նույնիսկ մշակված միջազգային չափանիշներ, ուղեցույցներ, այլ հարց է, որ եթե այդ տեղեկությունը բռնության, հանցագործության կոչ է պարունակում:

Արման Թաթոյանն ասաց, որ ծանոթ է բոլոր հանրային քննարկումներին, հասկանում է բոլոր մտահոգությունները, այդ հարցն իրենց անմիջական ուշադրության ներքո է և առանձնակի ուշադրությամբ հետևելու են։

«Մենք նույնպես ունենում ենք դեպքեր և դիտարկումները ցույց են տալիս, որ ատելության խոսքը, բռնության կոչերը, վիրավորանքն ու սպառնալիքը հիմնականում տարածում են կեղծ օգտատերերը։ Նման դեպքեր եղել են իրավապաշտպանների, փաստաբանների հետ և դրանք միշտ ուղարկում ենք ոստիկանություն կամ դատախազություն՝ քրեական հետապնդում նախաձեռնելու առաջարկով: Բայց դա էլ արդյունավետ չէ, քանի որ ֆեյսբուքյան սոցիալական ցանցից հայտնաբերելու մեխանիզմներն էլ այդքան արդյունավետ չեն»,- ընդգծեց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարարականին, ՄԻՊ-ն ասաց, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, և այս հարցում այս կառույցի ներգրավվածություն այդքան էլ ճիշտ չէ. «Հարցով յուրաքանչյուր մարմին պետք է աշխատի ըստ իրավասության: Ես կիսում եմ կարծիքը, որ խոսքի ազատությունը պետք է լինի ամուր պաշտպանված: Ավելին, ուզում եմ նորից պնդել, որ մարդն ունի միջազգայնորեն ճանաչված իրավունք առցանց հարթակում անանուն մնալու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում