Դավիթ Բաբայանն Ալիևին Արցախ այցելելու երկու տարբերակ է առաջարկում

Դավիթ Բաբայանն Ալիևին Արցախ այցելելու երկու տարբերակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, հերթական անգամ ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը չի հրաժարվել իր հայատյաց քաղաքականությունից, ատելությունից և խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ցանկությունից։

«Սա իրենց գործն է. բնական է, որ մենք այլ բան չենք էլ սպասում։ Մենք այդ բոլոր հայտարարություններն ի գիտություն ենք ընդունում, դրանց լուրջ ենք վերաբերում, բայց ի վերջո Ալիևին հիշեցնում ենք մեկ բան. մենք հասկանում ենք, որ նա անընդհատ ուզում է գալ Ստեփանակերտ և Շուշի։ Բայց դրա համար երկու ճանապարհ կա։ Ինքն է ընտրում այդ ճանապարհները՝ մեկը դիվանագիտականն է՝ ամենակարճը, ոչ արյունալին և ամենաքաղաքակիրթ ձևը։

Այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետությունը։ Մենք այստեղ բացում ենք Ադրբեջանի դեսպանատուն, հյուպատոսական ծառայություն, բոլոր դիվանագիտական համապատասխան կառույցները։

Երկրորդ ճանապարհն այն է, որ նրանք, որպես ռազմագերիներ, պետք է մեր հաղթական շքերթի ժամանակ անցնեն Ստեփանակերտի փողոցներով։ Տարբերակներն այս երկուսն են, իրենք պետք է որոշեն», – ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, հայտարարել է:

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», – ասել է Ալիևը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում