Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Իրան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետությունում ջրհեղեղից տուժածների օգնությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Ցանկանում ենք հումանիտար օգնություն ուղարկել Իրան: Դա կազմակերպվում է ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով` այնտեղ նաև նրանց մասնակցությունն է լինելու: Ուղարկվելու են տեխնիկական միջոցներ, մեքենաներ և փրկարարներ»,– ասաց Ցոլակյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այս օգնության կազմակերպումը բարեկամ երկրի համար:
Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Նախարարը ցավակցություն էր հայտնել նախորդ շաբաթ Իրանը պատուհասած ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել օժանդակել տուժածներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում