Մետրոպոլիտենի գնացքի ապակին քարով կոտրած անձինք դեռևս չեն հայտնաբերվել

Մետրոպոլիտենի գնացքի ապակին քարով կոտրած անձինք դեռևս չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Aysor.am: Առայժմ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են երեկ քարով հարվածել Երևանի մետրոպոլիտենի՝ ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին և կոտրել ապակին։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունից մինչ այս պահն իրենց որևէ նորություն չեն հայտնել։

Հարցին՝ կան արդյոք նշված հատվածում տեսախցիկներ, որոնց տեսագրությունը կարող է իրավապահներին օգնել՝ հայտնաբերելու չարագործներին, Ավետիսյանը բացասական պատասխան տվեց։ Նա միաժամանակ հավելեց, որ վնասված ապակին անմիջապես փոխարինվել է նորով։

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ հայտնեցին, որ միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

«Դատավարական ընթացքը կավարտվի, արդյունքում ամեն ինչ պարզ կլինի», – փոխանցեցին այնտեղից։

Հիշեցնենք, որ Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝ կոտրելով ապակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում