Ալիևի հետ հանդիպմանն Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքեր կփոխանակվեն. Փաշինյան

Ալիևի հետ հանդիպմանն Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքեր կփոխանակվեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայում կայանալիք հանդիպման մասին խոսելիս այսօր ԱԺ-ում վարչապետ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմն իր համաձայնությունը տվել է, և առաջիկայում պարզ կլինի՝ այդ հանդիպումը լինելու է, թե ոչ։

«Օրակարգի վերաբերյալ մեր պատկերացումները չեն փոխվել։ Նախկինում էլ ասել եմ, որ սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան։ Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և այն, ինչ մեզ հետաքրքրում է, ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումներ կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների և ըստ էության այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում», – ասաց Փաշինյանը։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ մտքերի փոխանակման գործընթացում նաև Արցախը որպես բանակցային կողմ ներգրավվելու մտքեր կփոխանակվեն։

«Այո՛, իհարկե», – պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, թե կան մեկնաբանություններ, որ բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ կա։

«Դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփխության առաջարկ չի և չի կարող լինել», – ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում