ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը հնարավորություն կընձեռի մի շարք ապրանքատեսակներ ցածր մաքսատուրքերով արտահանել իրանական շուկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության կողմից ներկայացված ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների` մի կողմից և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:

«Առավել բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով համաձայնագրով նախատեսվում են կողմերի հորիզոնական պարտավորությունների, ազգային ռեժիմի, ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն,ինչպես նաև ընդհանուր առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի ապահովում: ԵԱՏՄ ադամ պետությունները Իրանից ստացել են զիջումներ` բավականին լայն ապրանքատեսակի մասով: Դրանում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական արտադրանքներ: Գյուղատնտեսական ապրանքների մասով ԵԱՏՄ անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներկայացված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք մեծ տեսակարար կշիռ ունեն ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում` մասնավորապես տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ»,-ներկայացրեց Բաբայանը:

Բաբայանը տեղեկացրեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափերի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ: Փոխնախարարը շեշտեց, որ համաձայնագրի կնքման շրջանակում կարևորվում է ոչ միայն գործող մաքսատուրքերի դրույքաչափերի իջեցումը, այլ իրանական շուկա արտահանման դեպքում թափանցիկ, ոչ խտրական, կանխատեսելի ներմուծման ընթացակարգերի կիրառումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում