Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ակնկալում է դատարանից, որ դադարեցվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը:

«2018 թվականի հուլիսի 26-ի դրությամբ` մեղադրանքում նկարագրված գործողությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանին, ուղղակիորեն բխել են ՀՀ սահմանադրաիրավական պարտականություններից և վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր գնահատական տալ և հիմնավորել, թե ինչու այդ գործողությունները չեն բխում նախագահի կարգավիճակից»,- ասաց Խուդոյանը:

Ըստ պաշտպանի` առ այսօր վարույթ իրականացնող մարմինը, ինչպես նաև դատախազությունը պաշտպանների կողմից ներկայացված որևէ բողոքի կապակցությամբ չեն հստակեցրել , թե կոնկրետ որ գործողություններ են մեղսագրվում Քոչարյանին և այդ մեղսագրվող գործողությունները արդյոք բխում են նախագահի կարգավիճակից, թե ոչ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի քննիչը դատարանին ներկայացնի նաև այն մեղադրանքը, որում նկարագրված գործողությունները մեղսագրվում են Քոչարյանին։

«Դատարանը, հիմք ընդունելով ներպետական օրենսդրությունը և դատական պրակտիկան, ինչպես նաև միջազգային իրավական պրակտիկան, կգնահատի` արդյոք մեղադրանքում նկարագրված գործողությունները բխում են նախագահի կարգավիճակից, թե ոչ»,- ասաց Խուդոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում