Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

Եվրամիության երկրները միաձայն հավանություն տվեցին Brexit-ի հետաձգմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթնաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքները:

«Brexit-ը կհետաձգվի մինչեւ մայիսի 22-ը այն պայմանով, որ բրիտանական խորհրդարանը մինչեւ մարտի վերջը հավանություն կտա դուրս գալու համաձայնագրին, կամ մինչեւ ապրիլի 12-ը, եթե այդ համաձայնագրին հավանություն չտրվի»,– հայտարարել է Տուսկը: Այդ մասին հայտնել է նաեւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի համաձայն՝ «եթե հաջորդ շաբաթ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը հավանություն չտա դուրս գալու համաձայնագրին, Եվրախորհուրդը համաձայն է հետաձգմանը մինչեւ 2019 թվականի ապրիլի 12-ը եւ ակնկալում է, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ այդ օրը Եվրախորհրդին կտեղեկացնի հետագա առաջշարժման իր տեսլականի մասին»:

Ինչպես պարզաբանել է Տուսկը, Մեծ Բրիտանիան այդ դեպքում կարող է նախընտրել դուրս գալն առանց համաձայնագրի, ավելի երկար հետաձգում խնդրելը կամ Brexit-ից հրաժարվելը: Ամփոփիչ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չկարողացան պատասխանել այն հարցին, թե որքան երկար կարող է շարունակվել «երկարատեւ հետաձգումը»: «Անվերջ»,- ասել է Յունկերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում