Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին

Փաշինյանը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակման հարցի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը պատրաստ է իր տարածքում մոլորված ադրբեջանցիներին փոխանակել Ադրբեջանի տարածքում մոլորված հայերի հետ: Սակայն այս փոխանակումը չի կարող տեղի ունենալ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների փոխանակում տեղի ունենա «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»:

«Սա անընդհատ մեր քննարկման տիրույթում է: Նախկինում գոյություն է ունեցել պրակտիկա, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը պարտավորվել են սահմանն անցած մոլորված մարդկանց մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնել: Եվ այդ պրակտիկան միշտ է իրականացվել: Դա չի արվել այն ժամանակ, երբ տեղի է ունեցել այն հայտնի դեպքը, երբ զինված ադրբեջանցիները մտել էին մեր տարածք և սպանություններ իրականացրել», – ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ չի կարելի սպանության համար մեղադրվող անձանց ուղղակի փոխանակել մոլորված քաղաքացու հետ:

«Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ: Հիմա մենք ունենք իրենց մոտ մոլորված քաղաքացու՝ նրանց վարկածով դիվերսանտ, ում 20 տարվա ազատազրկման դատապարտեցին: Հիմա քաղաքացի է անցել իրենց կողմից, քննություն կլինի, կպարզվի դիվերսանտ է, թե մոլորված քաղաքացի: Ում գործողության հետևանքով մարդ չի սպանվել կամ տուժել, մենք պատրաստ ենք քննարկել նրանց փոխանակման հարցը»,- նշեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ էական տարբերություն կա ուղղակի մոլորված քաղաքացու ու մարդասպանի միջև: «Եթե մարդու ենք փոխանակում, ապա պետք է հաշվի առնենք նրա կողմից սպանվածի հարազատների կարծիքը»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում