Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին

Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Ermenihaber.am: Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին մայր եկեղեցում երեկ հայ համայնքը վերջին հրաժեշտն է տվել Պոլսի Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին։ Նա վախճանվել էր մարտի 8-ին հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ հուղարկավորության արարողությանը մասնակցել են բազմաթիվ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախկին վարչապետ և մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էքրեմ Իմամօղլուն և այլք։

Մասնակցել են նաև ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինն, ինչպես նաև Էջմիածինից, Լիբանանից, Երուսաղեմից, Վատիկանից մեկնած հայ հոգևորականները։ 4 ժամ տևած հուղարկավորության արարողությունը ղեկավարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Մութաֆյանը հողին է հանձնվել Ստամբուլ Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:

Թուրքական աղբյուրը նշել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված աշխատանքները կմեկնարկեն Սուրբ զատիկից հետո, քանի որ այդքան օր սուգ է հայտարարվել Մութաֆյանի մահվան կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956թ. Ստամբուլում։ 1973-1975թթ. սովորել է Շտուտգարտի ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979թթ. ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Մեսրոպ Մութաֆյանը Պոլսի հայոց պատրիարք էր ընտրվել 1998-ին: 2008-ից ի վեր պատրիարք Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում էր հիվանդանոցում: Իսկ պատրիարքությունը մինչ օրս ղեկավարում է հոգևոր խորհրդի կողմից պատրիարքական փոխանորդ ընտրված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում