Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը

Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական ու թուրքական ջինսերին փոխարինելու կգա հայկականը: «Made in Armenia» ջինսերը վաճառքում կլինեն մեկ ամսից: Ջինսերն արտադրվում են Գյումրիում: Զաքարյան ընտանիքը 2 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ արտադրությունը սկսելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության ֆեյսբուքյան էջում նոր արտադրության մասին տեսանյութ է հրապարակվել:

«Ռ. Զաքարյան» ընկերությունը որակյալ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ սարքավորումները ներկրել է արտասահմանից: Դրա համար ստացել է կառավարության աջակցությունը. 3 տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: «Դա հնարավորություն տվեց խնայել և այդ միջոցները սարքավորումներ գնելու մեջ ներդնել»,– նշում է ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը:

Անհրաժեշտ կադրերի պատրաստման հարցում օգնության են եկել դրսից հրավիրված իտալացի փորձառու վարպետները:

Տեխնոլոգ Մաուրո դի Ջուզեպպեն Հայաստան է եկել օգնելու բարձր որակի արտադրանք ստանալու հարցում: «Դեռ որոշակի ճանապարհ ունենք անցնելու, բայց ես մեծ ցանկություն և կամք ունեմ իմ ողջ փորձառությունը փոխանցելու համար»,– նշում է նա:

Նոր արտադրամասում աշխատանքը հիմնականում ավտոմատացված է: Արտադրությունում ավելի քան 50 մարդ է աշխատում: Նախատեսում են առաջիկա երկու տարում աշխատակիցների թիվը հասցնել 100-ի, արտադրությունն ավելացնել 4 անգամ:

«Մեր արտադրության մոտավորապես 5 տոկոսը նախատեսում ենք սպառել Հայաստանի տարածքում: Մեր հինական թիրախը արտահանումն է: Արդեն պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, մոտակա ժամանակներս կունենանք պայմանագրեր Իտալիայի և եվրոպական այլ երկրների ընկերությունների հետ»,- ասում է ընկերության կոմերցիոն տնօրենը՝ հավելելով, որ, բացի ջինսե տաբատներ և բաճկոններ արտադրելուց, նպատակ կա կարել նաև վերնաշապիկներ և այլ տրիկոտաժեղեն:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում