Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել ենք սլովակիական սպառազինության՝ Ադրբեջանում հայտնվելու հարցը. միմյանց հասկացել ենք, գործը փակ է. Լայչակ

Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել ենք սլովակիական սպառազինության՝ Ադրբեջանում հայտնվելու հարցը. միմյանց հասկացել ենք, գործը փակ է. Լայչակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.am: Ադրբեջանում սլովակիական արտադրության սպառազինության հայտնվելու գործը փակված է։ Հայաստանն ու Սլովակիան մանրամասն քննարկել ու բացատրել են միմյանց իրավիճակը, այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Սլովակիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը։

Հիշեցնենք, որ սպառազինությունը Ադրբեջանում էր հայտնվում ոչ թե ուղղակիորեն, այլ՝ միջնորդավորված, երրորդ երկրների միջոցով, քանի որ, ըստ ամենայնի, դրա վաճառքի փաստաթղթերում նշված չէր վերջնական՝ օգտագործող հասցեատերը։

«Մենք տեղեկացվել ենք իրավիճակի վերաբերյալ հայ դիվանագիտական առաքելության կողմից ու այս գործով էկոնոմիկայի նախարարության հետ միասին բավականին ուսումնասիրություն է իրականացվել, որի ընթացքում Սլովակիայի կողմից որևէ սխալ չի գտնվել», – ասաց Միրոսլավ Լայչակը՝ ընդգծելով, որ Սլովակիայի ու Իսրայելի միջև առանձին համաձայնագիր է եղել, առանձին փաստաթղթեր են եղել, որոնցում ամրագրված է եղել, որ վերջնական ստացողն Իսրայելն է։

«Մենք այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք նաև նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Կարծում եմ՝ գործը փակ է։ Մենք ամեն ինչ մանրամասն բացատրել ենք միմյանց, հասկացել ենք միմյանց ու,կարծում եմ, որ այս քննարկումը դադարել է ու չի շարունակվելու, ինչպես նաև պայմանագիրը դադարեցված է», – ասաց Սլովակիայի արտգործնախարարը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում