Վենեսուելան 72 ժամ է տվել ամերիկացի դիվանագետներին երկիրը լքելու համար

Վենեսուելան 72 ժամ է տվել ամերիկացի դիվանագետներին երկիրը լքելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան հայտարարել է, որ երկրի իշխանությունները 72 ժամ ժամանակ են տվել ամերիկացի դիվանագետներին Վենեսուելայի տարածքը լքելու համար, այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Ամերիկյան դիվանագիտական անձնակազմը պետք է լքի Վենեսուելայի տարածքը 72 ժամվա ընթացքում», – ասել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է այս շաբաթվա ընթացքում հետ կանչել Վենեսուելայում իր դեսպանատան անձնակազմի մնացած անդամներին` հաշվի առնելով Վենեսուելայում իրավիճակի վատթարացումը:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Կարակասի իշխանությունները շարունակում են գործել մեծ մասամբ Ռուսաստանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

«Կրեմլը կանգնած է իր վենեսուելացի ընկերների կողքին՝ մերժելով ինքնիշխան երկրի ժողովրդի կամքը, որպեսզի պաշտպանի Մոսկվայի բարեկամ ռեժիմին», – ասել էր Պոմպեոն:

Նշենք, որ Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամի ու անկարգությունների ֆոնին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել: Նրա իշխանությունը ճանաչել են ԱՄՆ-ն, արևմտյան ու լատինամերիկյան մի շարք երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում