Քաղաքագետ. Իմ զգացողությամբ, պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում

Քաղաքագետ. Իմ զգացողությամբ, պատերազմի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո երկու հիմնական կարծիքներ էին հնչում։ Առավել շատ էին նրանք, ովքեր ասում էին, որ հայկական դիվանագիտությունը պարտվել է, համանախագահների հայտարությունը խիստ մտահոգիչ է հայկական կողմի համար։ Մյուս մասը պնդում է՝ ոչինչ էլ չի փոխվել, մտահոգվելու հարկ չկա։

Միջնորդների հայտարարության, դրան հետևած հայկական կողմի արձագանքների, հնարավոր պատճառների ու հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

Panorama.am– Պարոն Մելիք-Շահնազարյան, Մինսկի խմբի հայտարարությունից հետո շատ մտահոգություններ հնչեցին։ Չափազանցված չե՞ն դրանք, քանի որ շատերը պնդում են՝ ոչինչ էլ չի փոխվել։

Քաղաքագետ– Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են՝ ոչինչ չի փոխվել, նրանք որևէ պատկերացում չունեն բանակցային գործընթացի և վերջին տարիների զարգացումների վերաբերյալ։ Ակնայտ է մի բան. ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ էր փոխվել, և Ադրբեջանը կրում էր այդ պատերազմի քաղաքական ողջ պատասխանատվությունը։ Հիմա ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են պրոցեսը սկսել այն կետից, որտեղ մեղմ ասած, Ադրբեջանի վրա նման պատասխանատվություն չկար դրած։ Նրանք պրոցեսը հետ են տանում մի քանի տարի, հասցնում մի կետի, որը շտկելու համար հայկական դիվանագիտությունը վեց տարի աշխատանք է տարել, և որը փոխելու համար ստիպված ենք եղել նաև ադրբեջանական ագրեսիային դիմակայել։ Հիմա այս ամենը մի կողմ դնելով՝ համանախագահները փորձում են նրան ազատել պատասխանատվությունից, հասկանալի է , որ դրա հետևանքները Ադրբեջանի համար առնվազն ավելի ագրեսիվ գործելու հնարավորությունն են։ Այլ կերպ ասած, ստեղծվել է մի իրավիճակ, երբ միջնորդներն ու Ադրբեջանը փորձում են հայկական կողմին քաղաքական լուծումներ պարտադրել։

Panorama.am– Ի՞նչի հետևանք էր նման հայտարարությունը։ Չէ՞ որ վարչապետը հայտարարում էր, հայկական կողմը պարտադրելու է, որ Արցախն էլ դառնա բանակցային կողմ։

Քաղաքագետ- Ինձ թվում է, որ վարչապետն իր մոտեցումները հայտարարելուց շտապել է։ Ըստ էության, վարչապետ նշանակվելուց հետո սկսել է խոսել հարցի մասին առանց հասկանալու մինչ այդ ընթացած բանակցային գործընթացի տրամաբանությունը, որովհետև երբ հայտարարում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ, վարչապետը պետք է իմանա, որ այդ կետն այսպես, թե այնպես ներառված էր օրակարգում, թե միջնորդները, թե հայկական կողմը մշտապես պնդում էին, որ Արցախն ինչ-որ պահից սկսած մասնակցելու է բանակցություններին։ Մինչդեռ վարչապետ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները փոխարինեց վերելակային պայմանավորվածություններով, սկսեց ըստ էության, միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար հակասական գործողություններ իրականացնել Ռուսաստանի, Արևմուտքի հետ հարաբերություններում, ամեն մեկի մոտ ասում էր այն, ինչ ականջահաճո է այդ կողմին։

Հետևողական չլինելով նաև Ադրբեջանին պարտադրելու հարցում, որպեսզի կատարի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ էության ստեղծեց մի իրավիճակ, որտեղ Բաքուն հնարավորություն ստացավ դուրս գալ այդ պայմանավորվածությունների կապանքներից, նաև որոշակի պայմանավորվածություններ կարողացավ ձեռք բերել միջնորդների հետ՝ հիմնականում հենվելով այն փաստի վրա, որ Փաշինյանը փորձում է բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից ու ոչ Արցախի։ Ալիևի վարչակազմին հեշտ հաջողվեց անհնար դարձնել այն ծրագիրը, որը փորձում էր իրականացնել Փաշինյանը։

Դրանից հետո արդեն փոքր հաղթանակներ ունենալով, նրանք փորձում են արագացնել պրոցեսը՝ հասկանալով, որ Փաշինյանը կամ պետք է հետ կանգնի իր խոսքերից, նրանք նաև հաշվարկել են Փաշինյանի հոգեկերտվածքը, որ նա այդպիսի բաներ, որպես կանոն չի անում, սեփական հեղինակությունը հաճախ աաելի բարձր է դասում, քան պետական շահը, կամ պետք է հետ կանգնի բանակցություններից։ Երկրոդ տարբերակի դեպքում թե միջնորդները, թե Ադրբեջանը մեղքը կբարդեն հայկական կողմի վրա։ Այս առումով փակուղային իրավիճակ են ստեղծել, այս դեպքում շատ կարևոր է, որ Փաշինյանն առաջնորդվի պետական շահերով։

Panorama.am– Համանախագահների հայտարարությանը հետևեց Հայաստանի ԱԳ նախարարության մեկնաբանությունը, որտեղ նշվում էր, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման վերաբերյալ ամրագրումները շարունակում են մնալ առարկայական։

Քաղաքագետ- Գիտե՞ք, ԱԳ նախարարության հայտարարությունը պետք է ուղղված լիներ հենց Մինսկի խմբի համանախագահներին և ոչ թե ադրբեջանական կողմին, որովհետև համանախագահներն իրավիճակ են փոխղում, մենք կորցնում ենք մի շարք ձեռքբերումներ, որ ունեցել ենք վերջին տարիների ընթացքում։ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ ընդամենը սեփական մեղադրանքներն է հնչեցնում Ադրբեջանի հասցեին՝ խուսափելով անգամ մեկ բառով անդրադառնալ համանախագահների այդ ոչ հայանպաստ մոտեցումներին և դիրքորոշումներին։ Սա արդեն բավականին քննադատելի փաստ է։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ԱԳ նախարարության կողմից տարածվել է բացառապես մեկ նպատակով, այն է՝ շեղել հասարակության ուշադրությունը համանախագահների հայտարարությունից։ Այսինքն, թեմաներն իրար խառնել, դրանով փորձել չեզոքացնել այն բացասական հետևանքները, որ կարող են առաջանել հասարակական կարծիքում։ Իսկապես, անբովանդակ, անատամ հայտարարություն էր։ Ցավոք սրտի, նախարարության արձագանքին հետևեց վարչապետի մամուլի խոսնակի գնահատականները, որտեղ նա սովորական ու բնական որակեց Մինսկի խմբի հայտարարությունը։ Սա առավել ևս անհասկանալի մոտեցում է։ Ի՞նչն է սովորական։ Կարծում եմ, այդ հարցին խելամիտ պատասխան Հայաստանում որևէ մեկը չի կարող տալ, բացի վարչապետի մամուլի խոսնակից։ Իսկապես անհասկանալի է, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել նման հայտարարությամբ հայկական կողմը։

Panorama.am– Ձեր կարծիքով, ո՞րն է նման հայտարարությունների պատճառը, գուցե դեռ կա՞ն չբացված փակագծեր։

Քաղաքագետ– Անպատասխանատու իշխանության մոտեցումներն են պատճառը։ Երբ մենք հետևում ենք մամուլի հրապարակումներին կամ իշխանամերձ գործիչների մեկնաբանություններին, ասում են՝ դա այն է, ինչի շուրջ ժամանակին բանակցել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Սա մեղքը նախկին իշխանությունների վրա բարդելու փորձ է։ Չեմ էլ անդրադառնում այն հարցին, որ եղել է նման փաստաթուղթ, բայց նախկին իշխանությունները չեն գնացել դրա ստորագրմանը, այլ տարիներ շարունակ աշխատանքի շնորհիվ փոխել են դրույթները, և հիմա ըստ էության, վերջին տարիների ձեռքբերումները կորցնելու համար պատասխանատվությունը փորձում են թողնել նախկինների վրա։ Սա ընդամնեը պատասխանատվությունից փախչելու փորձ է։

Panorama.am- Հայտարարությունից հետո շատերը ահազանգեցին պատերազմի վերսկսկման վտանգի մասին։ Կա՞ ռեալ վտանգ։

Քաղաքագետ– Կարծում եմ, որ կա, և ավելի քան ռեալ է այդ վտանգը։ Ադրբեջանական կողմն իհարկե չի պատրաստվում և մշտապես բաց հայտարարում է, որ իրենք չեն սահմանափակվելու որոշ տարածքներ ստանալով, իրենք պայքարում են ողջ Արցախի համար։ Հիմա այս խնդիրը որ լուծվում է Ալիևի վարչակազմի կողմից, պատերազմի քաղաքական հիմքերի նախապատրաստումն է։ Հաջորդ քայլով նրանք ցույց կտան, որ Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, ըստ էության, իրենց որևէ մեկը չի մեղադրի պատերազմ սկսկելու համար, քանի որ հակառակ կողմը հրաժարվում է բանակցություններից։ Ահա այս տրամաբանությունն են փորձում գործարկել, ինչը շատ վտանգավոր է։

Իսկ առավել վտանգավոր է այն, որ իմ զգացողությամբ, իհարկե փաստեր չունեմ, երևում է այս գործընթացների տրամաբանությունից, ինտենսիվությունից, բովանդակությունից, որ պատերազմի քաղաքական պայմանավորվածություն կամ որոշում արդեն կա, և ըստ էության նախապատրաստական աշխատանքների վերջին փուլերի ականատեսն ենք լինում։

Եթե պաշտոնական Երևանը շատ կտրուկ և հստակ լուծումներ այս պահին չգտնի, ցավոք սրտի, դա իսկապես անխուսափելի կլինի։

Հեղինակ` Լալա ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում