ԱՄՆ-ն միավորում է Երուսաղեմի հյուպատոսությունն ու ԱՄՆ դեսպանատունը

ԱՄՆ-ն միավորում է Երուսաղեմի հյուպատոսությունն ու ԱՄՆ դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մարտի 4-ից Երուսաղեմի Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունը, որը հիմնականում սպասարկում էր պաղեստինցիներին, և ԱՄՆ դեսպանատունը կմիավորվեն մեկ կառույցի մեջ ու կդառնան մեկ հաստատություն` ԱՄՆ-ի դեսպանատուն։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Երուսաղեմում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը դե ֆակտո գործում էր որպես Պաղեստինում ԱՄՆ դեսպանատուն։

2018 թ. հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր այս միավորման մասին, հիշեցնում է Պետդեպարտամենտը:

«Այս որոշումը թելադրվել է մեր դիվանագիտական հարաբերությունների և գործառնությունների արդյունավետությունը բարելավելու մեր գլոբալ ջանքերով, ինչը չի նշանակում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն Երուսաղեմի, Արևմտյան ափի կամ Գազայի հատվածի նկատմամբ»,- ասել է ԱՄՆ-ի Պետդեպը:

Այն ընդգծում է, որ ինչպես նախկինում հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը, «ԱՄՆ-ը դեռևս որևէ դիրքորոշում չի արտահայտում» Երուսաղեմի վերջնական կարգավիճակի վերաբերյալ:
Նշվում է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերջնական հարցը պետք է լինի բանակցությունների արդյունքում։

«Կառավարությունը նախկինի պես լիովին հավատարիմ է երկարատև ու համապարփակ խաղաղության հասնելու ջանքերին, որը կապահովի Իսրայելի ու պաղեստինցիների համար առավել պայծառ ապագա»,- հայտարարել է Պետդեպարտամենտը:

Սակայն Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում ԱՄՆ-ի հավաստիացումներին ու նշում են, որ այս քայլը ևս մեկ ժեստ է Իսրայելին ու ուղղված Պաղեստին պետության դեմ։ Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ-ի այս քայլն անվանել է ԱՄՆ վարչակարգի խաղաղարար ջանքերի դագաղի վրայի վերջին մեխը։

Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը պաշտոնապես տեղի է ունեցել 2018 թ.-ի մայիսին: Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում հայտարարել էր դեսպանատան տեղափոխման մտադրության մասին:

2017 թվականի դեկտեմբերին նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Երուսաղեմը, որպես Իսրայելի մայրաքաղաք: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ճնշող մեծամասնությամբ, ընդունել է բանաձև, որով մերժում է Թրամփի այս որոշումը։

Իսրայելն ամբողջ Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, իսկ պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը տեսնում է որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք: Երուսաղեմի կարգավիճակի հարցը վաղուց համարվում է վերջին հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի իսրայելա-պաղեստինյան խաղաղության պայմանագրի կնքման ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում