«Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին»

«Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին»

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Չենք թողնի որ հաստատվի, այնքան քայլեր կանենք, որ չհաստատվի»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, եթե հաստատվի թատրոնի լուծարման նախագիծը, ի՞նչ քայլեր եք անելու։

Նա նշեց, որ պայքարը շարունակելու են մինչև խելքին մոտ բաներ որոշեն, ոչ թե կամայական։

«Այստեղ տեսնում ենք միտումնավոր կամայականություն: Ժամանակն է ուշքի գալ, թացը չորից տարբերել»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանն ասաց, որ օպտիմալացնում են այնտեղ, որտեղ ոչինչ չեն անում, անգործության են մատնված։

«Օպտիմալացնում են թռիչքի մեջ գտնվող կառույց, գործող, ապրող կառույց, ոնց որ բժիշկը դիտավորյալ առողջ մարդու թոքը կտրի»,– նշեց նա։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ թատրոնը միշտ ներկան է, գուցե ուղղակի իրենք տեղակացված չեն ներկայից։

«Ես ուղղակի ուզում եմ ասել, որ մեր շենքը կառուցվում է, ունենք 7 պրեմիերա, նոր ձևաչափ՝ ամենամսյա թատերայնացված ընթերցանություն, հյուրախաղեր, փառատոներ։ Կարծում եմ՝ այսպիսի ակտիվ, վերելքի շրջանում չի կարելի լուծարել, հանցանք է»,– ասաց Ն. Գրիգորյանը։

Ասուլիսին ներկա է նաև Համազգային պետական թատրոնի հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը։

«Սա անարգանք է Սոս Սարգսյանի հիշատակին։ Այս երկրին նվիրված մարդն ինչ արեց վերջին 30 տարում, նշանակում է այդ ամենը ոչնչացնել, ջնջել»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների լուծարման, վերակազմավորման կամ վերակազմակերպման նախագծով «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում