Հայաստանն ունի մասնագիտական բավականաչափ ներուժ մեքենաշինության ոլորտում Իրանի հետ համագործակցության համար. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ունի մասնագիտական բավականաչափ ներուժ մեքենաշինության ոլորտում Իրանի հետ համագործակցության համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են Իրանն ու Հայաստանը համագործակցել մեքենաշինության կամ արդյունաբերական այլ բնագավառներում:

«Պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ամեն կերպ աջակցում է արտասահմանյան, այդ թվում՝ իրանական ներդրումային ծրագրերի իրականացմանը: Հայաստանն, անշուշտ, ունի տեխնիկա-տնտեսական և մասնագիտական բավականաչափ ներուժ հիշյալ ոլորտներում համագործակցելու համար:

Վերջերս՝ 2018թ. դեկտեմբերին, Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում բացվեց պլաստմասե հիմքի վրա արտադրվող գազաբալոնների հայ-իրանական համատեղ գործարան: Գործարանի հիմնադիրները վստահեցնում են, որ մոտ ապագայում կսկսվի արտադրանքի թողարկումը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն աշխարհին ներկայանում է իր պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով։ «Ակնհայտ է, որ զբոսաշրջությունը նպաստում է մեր ժողովուրդներին՝ ծանոթանալու միմյանց պատմությանը, մշակույթին, սովորույթներին, հոգևոր և կրոնական արժեքներին, գիտատեխնիկական նվաճումներին: Զբոսաշրջության զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է, և մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: 2016 թվականին մուտքի արտոնագրի վերացումից հետո, զգալիորեն աճել են է ՀՀ ժամանող իրանցի զբոսաշրջիկների քանակը, որոնց թիվը հատկապես ավելանում է իրանական ամանորի՝ Նովրուզի օրերին: Այդ օրերին հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում՝ իրանցի զբոսաշրջիների անվտանգության, տեղեկացվածության ապահովման ուղղությամբ, շուրջօրյա գործում է 911 ծառայությունը՝ պարսկերենով: Կարծում եմ, որ զբոսաշրջությունը հեռանկարային բնագավառ է, և ցուցանիշներն այդ բնագավառում աճելու միտում ունեն»,- ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում