Ասադի այցն ու Զարիֆի հրաժարականը, որը մերժեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Ասադի այցն ու Զարիֆի հրաժարականը, որը մերժեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրաժարվել է ընդունել արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականը։ Այս մասին, ինչպես գրել է aljazeera-ն, հայտնել է նախագահի մամուլի խոսնակը։

Զարիֆը չէր նշել հրաժարականի պատճառը, երբ հայտարարեց իր մտադրության մասին սոցիալական մեդիայում փետրվարի 25-ին։

Զարիֆը Իրանի պետական IRNA գործակալության հետ զրույցում հույս էր հայտնել, որ իր հրաժարականը «կվերադարձնի ԱԳ նախարարությանն իր սահմանադրական տեղը՝ Իրանի միջազգային հարաբերություններում»։

Նրա մեկնաբանությունները, ըստ ենթադրությունների, կարող է կապված լինել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առանձին հանդիպումներին նրա բացակայությանը։

Զարիֆի հրաժարականի հարցում մամուլում նշվում է նաև, որ կան այլ անհամաձայնություններ՝ կապված Իրանի միջազգային քաղաքականության հետ։

Իրանի պաշտոնյաներն ու օրենսդիրները կոչ են արել Իրանի թոփ դիվանագետին մնալ, մինչդեռ առավել կոշտ գծի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Զարիֆի հրաժարականի կապակցությամբ։

135 օրենսդիրներ տարբեր քաղաքական ուժերից, նամակով դիմել են Զարիֆին՝ խնդրելով չհեռանալ պաշտոնից։ Զարիֆի հրաժարականը նաև սոցիալական մեդիայի քննարկման թեմա է դարձել։ Օգտատերերը օգտագործում են #Zarif_stay (Զարիֆ մնա) հեշթեգը։ Թեհրանի Ֆոնդային բորսան ավելի քան 2000 կետով անկում է արձանագրել, երբ սկսվեց մեդիայում տարածվել Զարիֆի հրաժարականի լուրերը։

Հրաժարական ինստագրամում

Ջավադ Զարիֆն իր հրաժարականը հայտարարեց ինստագրամում, որը պաշտոնապես հաստատվեց ԱԳՆ կողմից։ Այս հայտարարությունը գերակայում էր լրատվամիջոցների գլխագրերում՝ Իրան՝ Ասադի կատարած անակնկալ այցից ժամեր անց։

National TV-ի եթերում Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Ասադը Դամասկոսից Թեհրան էր եկել «շնորհակալություն հայտնելու Իրանի ժողովրդին, Իրանի կառավարությանը, հեղափոխության հոգևոր առաջնորդին, … ինչպես նաև արտաքին գործերի նախարարությանը»։

Նախօրեին ավելի ուշ, նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին թվիթերում գրառում էր արել, նշելով, որ Ռոհանիի մեկնաբանությունը հստակ ապացույց է, որ Ռոհանին «ամբողջությամբ բավարարված է» Զարիֆի աշխատանքով։

«Դոկտոր Ռոհանիի տեսանկյունից Իրանն ունի միայն մեկ արտաքին քաղաքականություն ու մեկ արտաքին գործերի նախարար»,-գրել էր Վաեզին։

Զարիֆի հրաժարականը հաջորդեց Իրանի արտաքին քաղաքականության անհամաձայնություններին, 2015թ.-ի Իրանի միջուկային գործարքի պահպանման գլոբալ պայքարի շուրջ ընթացող գործընթացներին, որով Թեհրանը համաձայնել էր կրճատել իր միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների որոշակի թուլացման դիմաց։ ԱՄՆ նախագահ Օբամայի օրոք կնքված գործարքից, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ նախորդ տարվա մայիսին։

«Իրանում կուսակցությունների ու կողմերի միջև պայքարը «մահացու թույն է» արտաքին քաղաքականության ձևավորման համար»,-ասել էր Զարիֆը նախօրեին հրապարակված հարցազրույցում, ենթադրություններ առաջացնելով, որ հրաժարականը հնարավոր է պայմանավորված է կոշտ դիրքորոշում ունեցողների կողմից ճնշումների հետ։

Զարիֆի հրաժարականին արձագանքել էր ԱՄՆ պետքարտուղարը, որը թվիթերում գրել էր.«Մեր քաղաքականությունն ափոփոխ է. ռեժիմը պետք է գործի որպես նորմալ երկիր ու հարգի իր ժողովրդին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ թվիթերում գրել էր.«Զարիֆը գնաց. Լավ ազատում»։

Իրանի միջուկային գործարքը պահպանելու համար վերջերս Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հաստատեցին նոր ֆինանսական միություն՝ Իրանի հետ առևտուրը հեշտացնելու ու ԱՄՆ պատժամիջոցների տակ չհայտնվելու համար։

«Սարսափած ու անհանգստացած»

Շատերը Զարիֆի հրաժարականը համարեցին ևս մեկ հարված երկրի՝ պատժամիջոցները հաղթահարելու պայքարին։ Մարդիկ նշում են, որ «սարսափած ու անհանգստացած են» Զարիֆի հրաժարականի պատճառով։

Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ռոհանիի վարչակարգը փորձում է առավել շատ ներգրավվել միջազգային հանրությունում, սակայն Իրանում կոշտ դիրքորոշում ունեցողների ձայնն ավելի բարձր է լսում, որոնք կոչ են անում փոխել քաղաքական մոտեցումը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում