Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Իմ կուռքը կինոյում հայ վավերագրող Արտավազդ Փելեշյան-հանճարն է: Եթե ես կայծեր եմ արձակում, ապա նա՝ գնդակերպ շանթեր»,- կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին այսպես է բնութագրել Կինոռեժիսոր Ռեջիո Գոդֆրին։

Արտավազդ Փելեշյանը համաշխարհային վավերագրական կինոյի հայտնի դեմքերից է, նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք էր կինոյի պատմության մեջ:

Փելեշյանն իր ստեղծած կինոյի մասին ասել է.

«Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։

«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»:

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով»։

Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:

 

Նրա մշակած «տարածական մոնտաժի» մեթոդը նոր խոսք է կինոյի պատմության մեջ: 1969 թ-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» (Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ) կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն:
«Տարվա եղանակները» (1975 թ.) և «Մեր դարը» (1982 թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1985 թ.) կինոպոեմներին բնորոշ են թե նուրբ քնարականությունը, թե էպիկական հզոր շունչը: «Տարվա եղանակները» կինոպոեմը Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն են և միևնույն ժամանակ հարմոնիան։

Փելեշյանը պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ» (1992 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերը: Լավագույններից են նաև «Աշնանային հովվերգություն» (1971 թ.), «Աշնանային շուկայի գույները» (1985 թ.) կինոնկարները:
Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում (1969 թ.)՝ Ռևազի դերում: Նա «Տարածական մոնտաժ» (1974 թ., «Վոպրոսի կինոիսկուսստվա», պրակ 15) աշխատության մեջ շարադրել է մոնտաժի իր տեսությունը:

Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.) շքանշանով, արժանացել «Մեծ» (2000 թ., միջազգային կինոփառատոն, Փարիզ), «Փարաջանովյան Թալեր» (2006 թ., «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան) մրցանակների: Յիհլավայի (Չեխիա) վավերագրական ֆիլմերի միջազգային 19-րդ կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում