Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում

Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Artsakhpress.am: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում կանցկացնի բողոքի ցույց՝ ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի հայ նահատակների:

Ինչպես տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, մեկնարկը կտրվի Խաղաղության պալատի մոտից, որից հետո հանրահավաքի մասնակիցները բողոքի քայլարշավով կուղևորվեն դեպի Ադրբեջանի դեսպանատուն:

Միջոցառման նպատակն է ոգեկոչել Սումգայիթ, Գանձակ, Բաքու և այլ քաղաքներում 1988, 1990 թթ. Ադրբեջանի կողմից իրականացրած հայերի ջարդերի հետևանքով զոհվածների հիշատակը, ինչպես նաև բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի:

Նույն օրը Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունների պատվիրակությունը նամակով դիմելու է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարին, ինչպես նաև Նիդերլանդների խորհրդարանին Արցախի կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ կա նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և Ղարաբաղը բանակցության կողմ դարձնելու հարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում