«Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա

«Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Մարտի 5-ին տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երևանյան պրեմիերան։

Panorama.am-ի հետ զրուցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են հինգ տարի առաջ, և այս ընթացքում աշխատել են, որպեսզի անպայման գոնե կոմպոզիտորի 80-ամյակին ավարտեն։

«Ռեժիսոր Հայկ Մկրտչյանն այդ ժամանակ աշխատում էր մեր ընկերությունում՝ «Օրդֆիլմում»։ Մի օր առաջարկեց, որ ուզում է անպայման մաեստրոյի մասին ֆիլմ նկարահանել։ Ընդառաջեցի։ Մեծ ակնկալիքներ չունեինք, բայց գնալով քանի խորանում էինք, հասկանում էինք, որ ավելի լուրջ ֆիլմ կարող է լինել։ Երբ սկսեցինք հաճախակի շփվել մաեստրոյի հետ, նա մեզ ուղղորդեց»,- ասաց պրոդյուսերը։

Նրա խոսքով, ֆիլմը միակն է, որ ներկայացնում է Տիգրան Մանսուրյանին Հայաստանից դուրս գործունեության ֆորմատով՝ ո՞վ է մաեստրոն աշխարհում։

«Մաեստրոյի՝ Հայաստանից դուրս գործունեությունը մեր իրականության մեջ մինչև այսօր չբացահայտված է։ Ֆիլմը շատ պատասխաններ կտա, նրա մասին խոսում են եվրոպական, ամերիկյան երաժշտության ամենահայտնի դեմքերը։ Այստեղ շատ մեծ աշխարհագրություն, լուրջ նյութ կա, որը հետագայում կարող է ավելի մեծ նախագծի վերածվել»,- ասաց Հ.Օրդյանը։

Տաղանդավոր կոմպոզիտորի հետ շփումը, նրա խոսքով, շատ լավ էր ստացվում։

«Ֆիլմի համար շատ լավ հերոս է, այնքան սրտաբաց է, նուրբ է մոտենում յուրաքանչյուր հարցին, որ նույնիսկ դու ես ամաչում շատ անհանգստացնել մաեստրոյին»,- ասաց նա։

Տիգրան Մանսուրյանն ամբողջությամբ դիտել է ֆիլմը, դրական արձագանքել, թեև մաեստրոյի դիտումից հետո որոշակի շտկումների անհրաժեշտություն է եղել։

«Հրաշալի վերաբերունք ունի ֆիլմի հանդեպ։ Բնական է՝ իր դիտելուց հետո որոշակի տեխնիկական փոփոխութուններ արել ենք, մասնագիտական պահեր կային, որ պետք է փոխեինք։ Մաեստրոն անհամբերությամբ սպասում է ֆիլի պրեմիերային»,– նշեց ֆիլմի պրոդյուսերը։

52 րոպեանոց ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո այն ներկայացվելու է գերմանական հեռուստատեսությամբ՝ գերմաներեն տարբերակով։

Մենք ևս անհամբեր սպասում ենք «Մաեստրո Մանսուրյան»-ին…

Հետևեք մեզ նաև Telegram-ում