2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ

2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշման մեջ, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2019 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,871.2 հազար դրամ գումար, որը կբաշխվի ցանկում ընդգրկված փոխհատուցում ստացող համայնքներին:

«Գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 1), Վայոց ձորի (թվով 2) և Տավուշի մարզերի (թվով 11) 16 սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքով:

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ համապատասխան աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: «Ամեն ինչ անում ենք, որ Ձեր նախանշած ժամկետում՝ մարտի 15-ին, բոլոր տնտեսությունները ջուր ունենան»,– նշել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում