Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փետրվարի 15-ի նիստում որոշեց բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման՝ բացառիկ դեպքերը հետևյալներն են.

Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:

Գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:

Նշվում է նաև, որ քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում