Մերձավոր Արեւելքում խաղաղությունն անհնարին է առանց Իրանին դիմակայելու. Փոմպեո

Մերձավոր Արեւելքում խաղաղությունն անհնարին է առանց Իրանին դիմակայելու. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փոմպեոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին լրագրողներին է մոտեցել մերձավորարեւելյան խորհրդաժողովի ընթացքում, որն ամերիկացիները կազմակերպել են Վարշավայում, եւ որն ընկալվում է որպես հնարավոր հակաիրանական կոալիցիայի ուժերի ստուգատես:

«Անկարելի է Մերձավոր Արեւելքում խաղաղության ու անվտանգության հասնել առանց Իրանին դիմակայելու: Դա պարզապես անհնարին է»,– ասել է Փոմպեոն՝ հիշատակելով Լիբանանում, Եմենում, Սիրիայում եւ Իրաքում Իրանի «չարանենգ ազդեցության» մասին:

Նաթանյահուն «պատմական բեկումնային պահ» է համարել Վարշավայի համաժողովը, որին մասնակցում են հիմնական արաբական երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: «Իսրայելի վարչապետը եւ առաջատար արաբական երկրների արտաքին գործերի նախարարները կանգնել էին միասին եւ անսովոր ուժով, պարզորոշությամբ եւ միասնությամբ հանդես էին գալիս իրանական ռեժիմի ընդհանուր սպառնալիքի դեմ»,-ասել է նա: Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել Փոմպեոյին հանդիպման կազմակերպման համար եւ կոչ է արել նման փոխգործակցությունը շարունակել «այլ ձեւաչափերով, այլ ուղիներով, բայց եւ նույն նպատակով»:

Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «մեռելածին» է որակել Վարշավայում Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովի կազմակերպումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում է հապճեպորեն՝ առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում