Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը գերազանցել է քրդերի թվին

Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը գերազանցել է քրդերի թվին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Գերմանիայի փախստականների հարցերով դաշնային վարչությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել Թուրքիայից ստացված ապաստանի խնդրելու դիմումների վերաբերյալ։

Այսպես, 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը շարունակաբար աճում է։ Վիճակագրության համաձայն՝ վերջին շրջանում ապաստան խնդրողների կրթմակարդակի նկատելի փոփոխություն է գրանցվել։ Պարզվել է, որ 2018թ․ առաջին կեսին Թուրքիայից դիմողների 48 տոկոսը բարձրագույն կրթություն է ունեցել։ Այն դեպքում, երբ այլ երկրներից ապաստան խնդրողների միայն 17 տոկոսն է համալսարանական կրթություն ունեցել։

Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ ապաստան խնդրողների կրթության մասին տվյալները որևէ կերպ ապացուցված չեն, այլ հիմնված են միայն դիմողի հայտարարության վրա։ Ուստի հնարավոր է համարվում, որ ապաստան խնդրողները պարզապես ցանկացել են բարձրացնել դրական պատասխան ստանալու հավանականությունը՝ իրենց ներկայացնելով որպես ավելի հաջողակ։

Թուրքիան 2018թ․ 6-րդ տեղն է զբաղեցրել Գերմանիայից ապաստան խնդրող քաղաքացիների թվով։ Թուրքիայից դիմել է ընդհանուր առմամբ 10․655 քաղաքացի։ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել էր 8․483։ Ֆեդերալ վարչությունում համոզված են, որ դիմումների թվի աճը պայմանավորված է Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակով։

Ուշագրավ է նաև, որ 2016թ․ Գերմանիայից ապաստան էր խնդրել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 4․383 քուրդ, 1․197 թուրք։ 2018թ․ ապաստան խնդրած քուրդ քաղաքացիների թիվը կազմել է 4․067, իսկ թուրք քաղաքացիների թիվը՝ 5․776։

Հեղաշրջման փորձից հետո փոխվել է նաև ապաստան խնդրողներին տրված դրական պատասխանների թիվը։ Եթե 2016թ․ բավարարվել է ապաստանի դիմում ներկայացրած քուրդ և թուրք քաղաքացիների միայն 7 տոկոսի դիմումը, ապա 2018թ․ նոյեմբերի դրությամբ ընդհանուր առմամբ բավարարվել է Թուրքիայից դիմած քաղաքացիների 40 տոկոսի դիմումը։ Ընդ որում, դրական պատասխան է տրվել թուրք դիմորդներից 7 տոկոսի, իսկ քուրդ դիմորդներից՝ 12 տոկոսի հայցին։

Ուշագրավ է նաև, որ 2018թ․ Գերմանիայից ապաստան խնդրած Թուրքիայի քաղաքացիներից 316-ը ունեցել են դիվանագիտական անձնագիր, իսկ 115-ը՝ պետական պաշտոնյա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում