Վրաստանում ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը

Վրաստանում ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: «Ալիք մեդիան» հայտնում է, որ ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ:

Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով, իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:

Բուղաշենում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ նաև Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվել է Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր և գյուղի բարերարը, Միքայել Ավագյանի ազգականը միջոցներ էր հատկացրել՝ նոր հուշարձանի համար: Նոր հուշարձանի բացումը տեղի է ունեցել պաշտոնական անձանց ներկայությամբ, ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում