Խորհրդականների ինստիտուտի բացակայության պայմաններում անվճար ու անպարգևավճար խորհուրդ Նիկոլ Փաշինյանին

Խորհրդականների ինստիտուտի բացակայության պայմաններում անվճար ու անպարգևավճար խորհուրդ Նիկոլ Փաշինյանին

24news.am-ի լրագրող Մերի Մարտիրոսյան. «Այս օրերին «տարածքներ խաղաղության դիմաց» թեզն է սկսել շրջանառվել և տարբեր ընդդիմախոսներ…»:

Նիկոլ Փաշինյանն ընդհատում է հարցը և պատասխանում. «Մենք չենք կարող քննարկել, ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:

Երբ երկրի ղեկավարը որևէ բան է ասում, պետք է քաջ գիտակցի, որ այլևս իր կյանքում չկա «ներքին լսարան» ասվածը և ինքը այլևս իրավունք չունի միայն ներքին լսարանի համար միտք արտահայտել։ Ավելին, պատասխանելուց միշտ պետք է հիշել, որ հարցը ոչ մեկին չի հետաքրքրելու, միայն պատասխանն է դառնալու գլխագիր, հոդված, հակազդեցության առարկա։ Չի կարելի միայն ներքին լսարանի համար գրոհել հարցը, ավելին՝ կրկնել նրանում հնչած երկակի ընկալման արտահայտությունը. ոչ ոք չի հիշելու, որ դա հարցի միջից էր, քանի որ հարցը գին չի ունենալու մեկ վայրկյան հետո։ Եթե դու երկրի ղեկավար ես ու Արցախի մասին հարցի ես պատասխանում, ապա պատասխանելուց չի կարելի դիմացը տեսնել միայն 24news.am-ի լրագրող Մերի Մարտիրոսյան (տվյալ դեպքում), պետք է դիմացդ տեսնել միաժամանակ Մերի Մարտիրոսյանին, Զոհրաբ Մնացականյանին, սահմանամերձ գյուղի փոքրերին, եռանախագահներին, Իլհամ Ալիևին, առաջնագծում կանգնած մեր զինվորներին։ Բոլորը միաժամանակ ու միասին։ Երբ պատասխանում ես միայն Մերի Մարտիրոսյանին, պատասխանում ես այնպես, որ կպատասխանեիր ՔՊ-ի նիստում, բայց չէիր հայտարարի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն պատասխանը սխալ է։ Ուրեմն այն կշահարկվի ու կօգտագործվի։ Որովհետև այսօր չկա այլևս «ներքին լսարան», առավել ևս երկիր ներկայացնողի համար։

Տասնյակ ճիշտ պատասխաններից մեկը.

24news.am-ի լրագրող Մերի Մարտիրոսյան. «Այս օրերին «տարածքներ խաղաղության դիմաց» թեզն է սկսել շրջանառվել և տարբեր ընդդիմախոսներ…»:

Նիկոլ Փաշինյանն չի ընդհատում հարցը, լսում է մինչև վերջ, և, անկախ հետագա շարադրանքից, պատասխանում. «Արցախյան խնդրի շուրջ բանակցությունները համապարփակ կարգավորման նպատակ ունեն, որոնց մասին բարդույթներից եկող կաղապարներով դատելը տեղին չէ։ Չարժե անընդհատ ինչ-որ բանաձև առաջ բերել ու բարձրացնել։ Կրկնում եմ՝ բանակցությունները մեկ նպատակ, մեկ բանաձև, ինչպես Դուք եք ասում, մեկ թեզ կարող են ունենալ՝ խաղաղության պայմաններում համապարփակ, կայուն և արդար լուծում գտնել խնդրին»։

Համաձայնեք, այսպիսի կամ նման պատասխանի դեպքում ադրբեջանցիները հազիվ թե կարողանային Հայաստանին մեղադրել բանակցությունները տապալելու մեջ։

Ալեքսանդր ԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում