Գերմանիան շարունակում է կրճատել Թուրքիային զենքի վաճառքի ծավալները

Գերմանիան շարունակում է կրճատել Թուրքիային զենքի վաճառքի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Գերմանիայի դաշնային կառավարությունը Թուրքիային զենք վաճառելու թույլտվություն տալու ժամանակ անպայման հաշվի է առնում քրդական ջոկատների դեմ կամ տարածաշրջանային կոնֆլիկտներում այդ զենքերի կիրառման ռիսկը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Այսպիսի տեղեկություն է հրապարակել երկրի ֆինանսների նախարարությունը՝ ի պատասխան «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության գրավոր հարցմանը:

Նախարարության գրավոր պարասխանի մեջ խոսվել է նաև Մերկելի կառավարության կողմից վերջին շրջանում Թուրքիային զենքի վաճառքի հարցում կիրառվող սահմանափակումների այլ պատճառների մասին ևս: Շեշտվել է, որ կառավարությունն այդ հարցում ծայրաստիճան պատասխանատու քաղաքականություն է վարում:

«Գերմանական ընկերությունների՝ Թուրքիայի զենք կամ ռազմական տեխնիկա վաճառելու դիմումները կառավարությունը մեկ առ մեկ քննում է Գերմանիայի արտաքին ու անվտանգության շահերը հաշվի առնելով»,– ասվում է պատասխանի մեջ ու ավելացվում, որ առանց այդ էլ Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջմանը հաջորդած ներքաղաքական զարգացումների պատճառով խստացվել էր այդ երկրին զենքի վաճառքի պայմանները:

Նշվում է, որ հաշվի առնելով վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները՝ Գերմանիայի կառավարությունը հավանություն է տալիս միայն ռազմածովային ուժերի կարիքների համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի վաճառքին: Մատակարարումների մի մասն էլ կազմում են ավելի վաղ տրված թույլտվությունների հիման վրա իրականացվողները:

Հաղորդվում է, որ 2016 թվականին Գերմանիայի կառավարությունը Թուրքիային 83 մլն եվրոյի ռազմամթերք վաճառելու թույլտվություն է տվել: 2017-ին այդ թիվը կտրուկ նվազել է հասնելով 34 մլն եվրոյի, իսկ 2018 թվականի մատակարարումների գումարը կազմել են ընդամենը 10.1 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում