Թունիսի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Թունիսի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 29-ին ընդունել է Թունիսի նորանշանակ դեսպան Մոհամմադ Ալի Շիհիին (Mohamed Ali Chihi)՝ հավատարմագրերի պատճենները հանձնելու կապակցությամբ (նստավայրը Մոսկվա):

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին՝ Գրիգոր Հովհաննիսյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի հայ-թունիսյան հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին՝ դեսպան Շիհին նշել է, որ թունիսյան կողմից առկա է ջերմ վերաբերմունք դեպի Հայաստան և հայ ժողովուրդը։

Երկուստեք կարևորվել են հայ-թունիսյան շփումները բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել Թունիսի նախագահի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։

Կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ խթանելու միջպետական իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային փոխանակումը։ Գրիգոր Հովհաննիսյանը և դեսպան Շիհին ընդգծել են նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների կազմակերպման հրամայականը։

Պարոն Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ թունիսյան կողմն ակտիվ մասնակցություն կունենա նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովին, որն այս անգամ անց է կացվելու Երևանում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը հայ-թունիսյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում