Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Բոլթոնը Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցա։ Քննարկեցինք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգության, անվտանգության համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ԱՄՆ աջակցության մասին»,- այս մասին գրել է Բոլթոնը թվիթերում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 23-ին, Բոլթոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի կապակցությամբ թվիթերում գրել էր, որ վարչապետ Փաշինյանին շնորհավորել էր նրա վերանշանակման կապակցությամբ ու ողջունել հայ ժողովրդին՝ ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։

Այս հեռախոսազրույցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքում գրել էր, որ Բոլթոնի քննարկել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր, հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:

Բոլտոնը նաև հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ ու իր գնահատանքն արտահայտել, որ Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին։

Այս հարցի վերաբերյալ էլ Հայաստանը չի հայտարարել, թե ում ենք աջակցում՝ Նիկոլաս Մադուրոյին, ում աջակցում է Ռուսաստանը, թե Գուայդոյին, ում պաշտպանում է ԱՄՆ-ը։
Մոսկվայում այս հարցին պատասխանելով, վարչապետ Փաշինյանը նշել էր, որ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 20-ին Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող էր ճանաչվել Նիկոլաս Մադուրոն, որի դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվում ։ Հունվարի 23-ին Խուան Գուաիդոյին երկրում սկսված լայնամասշտաբ ցույցերի ֆոնին իրեն հայտարարեց երկրի ժամանակավոր նախագահ։ Գուաիդոյին աջակցություն են հայտնել արդեն ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին։ Մեքսիկան ևս աջակցում է Մադուրոյին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում