Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է

Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանցիները վերջին օրերին շուկայում հեղուկ գազ չեն գտնում։

«Գազալցակայաններում հարցնում ես՝ ե՞րբ կլինի, ասում են՝ աստված գիտի»,-պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին։

Պարզելու համար, թե ինչով է պայմանավորված դեֆիցիտը, Panorama.am-ը զրուցեց հեղուկ գազի ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Նավթոգազ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Էրիկ Հայրապետյանը հայտնեց, որ այս պահին հեղուկ գազով բեռնված մի քանի ավտոմեքենա ունեն ճանապարհին, դրանք մնացել են Լարսի անցակետում։

«Վեց մեքենա պետք է գա, բայց Գուդաուրը փակ է։ Եթե բացվի, 2-3 օրից մեքենաները կհասնեն Հայաստան։ Կապի մեջ ենք վարորդների հետ, ասում են՝ ամեն օր էսօր էգուց են անում»,-ասաց ընկերության ներկայացուցիչը։

Էրիկ Հայրապետյանի խոսքով, այս պահին իրենք էլ հեղուկ գազի կարիք ունեն ու ոչ մի տեղ չեն գտնում։

«Մենք հեղուկ գազ ենք ներկրում Հայաստան, բայց մեր մեքենաներն էսօր բենզինով է քշվում։ Էն որ ասում են, կոշկակարը կոշիկ չունի, հիմա մերն է»,-ասաց նա։

«Պրոպան Գազ» ընկերությունից էլ հայտնեցին՝ իրենց գազալցակայաններում էլ հեղուկ գազ չկա։
«3 օր, 2 գիշեր արդեն չունենք, կապված է Լարսի հետ»,-ասացին ընկերությունից։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից քիչ առաջ հայտնեցին, որ հունվարի 21-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Առավոտյան ԱԻՆ-ից հայտնել էին, որ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 267 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում