Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել

Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայի սուպերմարկետ և գումար պահանջել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, անհայտ անձը սև գլխարկով և ակնոցով, աշխատակցից գրությամբ պահանջել է գումար և սպառնացել, որ իր մոտ զենք և պայթուցիկ կա, և կպայթեցնի սուպերմարկետը, սակայն աշխատակցի կողմից մերժում ստանալով` ատրճանակի նմանվող առարկան ուղղելով վերջինիս կողմը, հեռացել է՝ պահանջելով իրեն չհետևել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հունվարի 20-ին ժամը 8.45-ին իր տնից բերման են ենթարկել 1999 թ. ծնված Աշոտ Մ.-ին:

Նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն՝ խուզարկություն է կատարվել Աշոտ Մ.-ի բնակարանում։ Հայտնաբերվել է գազային ատրճանակ և ինքնաշեն պայթուցիչի նմանվող, էլեկտրական լարերով փաթաթված պլաստմասայե տարա:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Աշոտ Մ.-ն ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում