Թրամփը սպառնում է տնտեսապես կործանել Թուրքիային

Թրամփը սպառնում է տնտեսապես կործանել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային կոչ է անում զգուշանալ ԱՄՆ տնտեսական ճնշման սարսափից, եթե Թուրքիան համարձակվի հարձակվել քրդերի վրա՝ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։

Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ զինվորականները կօգտագործեն «առկա մոտակա բազան, հավանաբար, Իրաքում, Իսլամական պետությանը հարվածելու համար, եթե Սիրիայում կրկին հայտնվեն ահաբեկչական կազմակերպություններ։

ԱՄՆ նախագահը Անկարային զգուշացրել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը չդիտարկեն որպես Սիրիայում ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորություն։

«Թուրքիան տնտեսապես կկործանենք, եթե նրանք հարվածեն քրդերին»,-թվիթերում գրել է Թրամփն ու Անկարային կոչ արել ստեղծել 20 մղոն անվտանգության գոտի։

Միևնույն ժամանակ Թրամփը քրդերին է կոչ արել չհրահրել Թուրքիային։

«Ռուսաստանը, Սիրիան ու Իրանը ԱՄՆ-ի՝ Սիրիայում Իսլամական պետության ոչնչացման քաղաքականության ամենամեծ շահառուներն են՝ բնական թշնամիներ։ Մենք էլ օգուտներ ունենք, բայց այժմ ժամանակն է մեր զորքերը տուն բերելու։ Դադարեցրե՛ք անվերջ պատերազմները»,-գրել է Թրամփը թվիթերում։

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարեց Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին։ Օրերս Թուրքիայում էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որի այցի նպատակն էր երաշխիքներ ստանալ քրդերի անվտանգության համար։ Նրան, սակայն, չընդունեց նախագահ Էրդողանը, որը պնդում է, որ ԱՄՆ զորքերը պետք է դուրս գան Սիրիայից շատ արագ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում