Միայն անցյալ տարի ԱԺ աշխատակազմը խնայել է 400 միլիոն դրամ, կրճատել է 14 մեքենա. Արա Սաղաթելյան

Միայն անցյալ տարի ԱԺ աշխատակազմը խնայել է 400 միլիոն դրամ, կրճատել է 14 մեքենա. Արա Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

– Ի՞նչ էական արդյունքներ կարող ենք արձանագրել Ձեր կողմից աշխատակազմի ղեկավարման ժամանակահատվածում:

– Շատ ծավալուն պատասխան ենթադրող հարց է, որի մասին կարելի է խոսել ժամեր շարունակ: Փորձեմ հակիրճ պատասխանել, ինչպես ասում են՝ խոշոր սեգմենտներով: Առաջինը, որպես գլխավոր քարտուղար, աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր՝ Ազգային ժողովի մարմիններ-աշխատակազմ փոխգործակցության մեջ: Միաժամանակ, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի միջազգային կապերի ընդլայնումը գործընկերների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում՝ ինչպես Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախորդ տարի Թբիլիսիում ստորագրված հուշագրի և դրա Երևանյան հավելվածի շրջանակներում:

Ֆինանսատնտեսական ոլորտում կարելի է նշել հատկապես ծախսերի արդյունավետ կառավարման մշակույթի զարգացումը՝ սկսած համապատասխան կարգերի մշակման և ներդրման միջոցով ծախսերի կանոնակարգումից մինչև նյութական միջոցների արդյունավետ կառավարում: Հենց դրա արդյունքում է, որ, օրինակ, նախորդ տարվա ընթացքում խնայվել է շուրջ 400 միլիոն դրամ, ի հավելում դրան 2019-ի համար պահեստավորվել է զգալի քանակի ապրանքներ, գույք և վառելիք: Ի դեպ, երբ խոսում են պետական համակարգում կրճատված ծառայողական մեքենաների մասին դրանցից 14-ը կրճատվել են հենց ԱԺ-ում: Նշեմ, որ վերջին տարվա ընթացքում կատարվել է լայնածավալ բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ, որոնք աննախադեպ էին խորհրդարանի գործունեության վերջին տարիների համար սկսած զորանոցից մինչև լրատվամիջոցների համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովումը, գրադարանի, թանգարանի վերանորոգումը և այլն: Ներդրվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որը ներդնումը ձգվում էր 2008-ից սկսած: Արդիականացվել են բազմաթիվ տեխնիկական միջոցներ՝ ապահովելով համապատասխան տեխնիկական մակարդակը: Ի թիվս այլ ձեռքբերումների այդ թվում՝ տնտեսված միջոցների հաշվին, 2018-ի ավարտին հաջողվեց խորհրդարանի լրատվական ծառայությունը հասցնել տեխնիկապես ամենաբարձր հագեցվածության՝ որպես խորհրդարանի աշխատանքների թափանցիկությանն ու հաշվետվողականությանը միտված մեր ծրագրի կարևոր մաս:

– Որո՞նք են, Ձեր կարծիքով, 7-րդ գումարման Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի գործունեության առաջնահերթությունները:

– Նորընտիր ԱԺ-ի գլխավոր քարտուղարը, բնական է, որ կարող է փոփոխել առաջնահերթությունների հերթականությունը, կարևորը` որ դրանց համալիր արդյունքը հանգեցնի Ազգային ժողովի օրենսդիր, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանը: Ցանկացած պարագայում էական է շարունակականության ապահովումը, մասնավորապես՝ փորձագիտական կարողությունների էլ ավելի զարգացումը, խորհրդարանական վերահսկողական գործիքների լիարժեք կիրառումը, որոնց զարգացման վերաբերյալ ի դեպ ունենք միջազգային գործընկերների օժանդակության պատրաստակամությունը: Անհերքելի առաջնահերթություն է խորհրդարանական դիվանագիտության բաղկացուցչի զարգացումը, որն ուրույն կարևորություն ունի ինչպես խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համատեքստում, այնպես էլ արտաքին աշխարհի կողմից մեր ազգային և պետական շահերի ընկալման տեսանկյունից: Խոսքս և՛ միջազգային միջխորհրդարանական կառույցներում ակտիվությանը, և՛ բարեկամական խմբերի գործունեությանը, և՛ խորհրդարանների միջև մասնագիտական փոխօգնությանն է վերաբերում: Ամեն դեպքում, աշխատակազմի դերը խորհրդարանի արդյունավետ գործունեության մեջ առանցքային է, իսկ խորհրդարանը պարտավոր է գործել արդյունավետ, քանի որ, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այլ դեպքում այն կորցնում է խորհրդանիշի դերը՝ միաժամանակ խաթարելով այն քաղաքական համակարգի լեգիտիմությունը, որի պայմաններում գործում է:

– Կարո՞ղ եք նշել մի քանիսն այն ծրագրերից, որոնք կիրագործեիք, եթե 7-րդ գումարման անդրանիկ նիստը լիներ ոչ թե հունվարի 14-ին, այլ, ենթադրենք, մայիսի 14-ին:

– Փորձեմ. նախ՝ կանեի ամեն հնարավորը, որ աշխատակազմը լիարժեք օժանդակեր ԱԺ մարմիններին՝ պառլամենտական վերահսկողության գործառույթների իրացման և գործիքակազմի կիրառման գործընթացում՝ վերլուծական ծառայության լիարժեք կայացումից և կադրային ապահովումից մինչև հանձնաժողովների փորձագետների մասնագիտական կարողությունների հզորացում: Զուգահեռաբար, միջոցներ կձեռնարկեի ԱԺ պաշտոնական կայքէջի ծրագրային արդիականացման և սերվերային բազայի վերազինման համար, որի բանակցային փուլը միջազգային կառույցների հետ ավարտին ենք հասցրել դեռ նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին: Վրացի գործընկերների օրինակով կիրականացնեի ՀՀ ԱԺ թրեյնինգ-կենտրոնի ստեղծման նախագիծը, որի համար շենքային պայմաններ արդեն նախապատրաստված են:

Կշարունակեի միջոցառումներն ԱԺ-ի աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելու ուղղությամբ՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով զարգացնելու քաղհասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների հետ գործընկերային հարաբերությունները, իսկ փոխառելով Կնեսսեթի փորձը՝ մուտքերի մոտ և կայքէջում զետեղված էլեկտրոնային վահանակների վրա կարտացոլվեր պատգամավորների՝ խորհրդարանում ներկայության վերաբերյալ տեղեկատվություն:

Ավարտին կհասցնեի նախորդ տարվա հունիսին սկսված աշխատանքներն՝ ԱԺ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ: Թեև այս աշխատանքների հետ կապված նպատակային գումար հատկացնելու մեր հայտը կառավարությունը մերժել է, այդուհանդերձ կփորձեի ավարտին հասցնել այն: Կշարունակեի, 2017թ.-ին իմ կողմից նախաձեռնած, մշակութային արժեք հանդիսացող հիմնական մասնաշենքի սեյսմիկ վտանգավորության չեզոքացմանն ուղղված աշխատանքները: Միջոցներ կձեռնարկեի հաշվեքննիչ պալատը ՀՀ ԱԺ-ին պատկանող շենքից և տարածքից այլ վայր տեղափոխելու համար, իսկ պալատի կողմից զբաղեցվող տարածքը կծառայեցնեի խորհրդարանի կարիքներին: Այս ամենն, իհարկե, աշխատակազմի բնականոն գործունեությունը ապահովելուն զուգընթաց:

– Ըստ Ձեզ, որն է աշխատակազմի արդյունավետ գործունեության պարզ բանաձևը՝ մեկ նախադասությամբ:

– Բավարար նյութական ռեսուրսների առկայության պարագայում նվազագույնը՝ կարգ ու կանոն, կոմպետենտություն, զարգացում, ինստիտուցիոնալ հիշողություն: Ի դեպ, գործընկերների հետ քննարկման արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Արևելյան գործընկերության երկրների պարագայում կոմպետենտ, մրցունակ մարդկային ռեսուրսների ներգրավման խնդիրը ոչ բարձր աշխատավարձների և մասնավոր հատվածի հետ մրցակցության պայմաններում բոլոր աշխատակազմերի «աքիլեսյան գարշապարն» է: Իհարկե, այստեղ էլ կան լուծումներ, բայց դա առանձին զրույցի թեմա է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում