Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է

Մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևն օրերս հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի մարտական հենակետերը: Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչ ժամկետներում է գործընթացը սկսվելու:

Այսպիսով, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական սահմանապահ ծառայության ուժերով։

Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ՝ խնդրելով մեկնաբանել՝ որքանով դրական նախաձեռնություն է սա։

Վերջինս նշեց, որ անկախ ամեն ինչից՝ հայկական կողմը չպետք է թուլացնի զգոնությունը։

«Ինձ թվում է՝ վաղաժամ է ինչ-որ կոնկրետ, վերջնական գնահատական տալ Ադրբեջանի այս հայտարարությանը։ Մի կողմից լավ է, որ բանակային ստորաբաժանումները փոխարինվու են սահմանապահներով, մյուս կողմից՝ մենք պետք է մանրակրկիտ կերպով հետևենք իրադարձությունների զարգացմանը և հասկականք՝ իրականության մեջ ի՞նչ է կատարվում՝ ադրբեջանական բանակային ստորաբաժանումները որտե՞ղ են տեղակայվելու. արդյոք տարվելու են Ադրբեջանի խորքե՞ր, չե՞ն տեղակայվելու Արցախի հետ սահմանին, կամ հայ-ադրբեջանական սահմանի մեկ այլ կետում։ Դրա համար ժամանակ է հարկավոր»,– ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը շեշտեց՝ հայկական կողմը պետք է աչալրջորեն հետևի և ֆիքսի հակառակորդի բոլոր տեղաշարժերը, ինչից հետո էլ ընդհանուր տրամաբանությունն առավել պարզ կլինի։

«Բայց մի բան հստակ է. մենք երբևիցե չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը հայատյաց պետություն է։ Եթե մենք մեր զգոնությունը չթուլացնենք, պահպանենք բանակի մարտունակության բարձր մակարդակը և ճիշտ քաղաքականություն վարենք, ամեն ինչ նորմալ կլինի»,- համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի տեղաշարժեր նկատվե՞լ են, ինչպիսի՞ն է սահմանային իրավիճակը, նա պատասխանեց՝ սահմանին հարաբերական անդորր է, կայուն է։

«Զորքը զգոն է, տղաները կանգնած են, իրենց պարտականությունները փայլուն կերպով կատարում են»,- հավաստիացրեց Դավիթ Բաբայանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում