Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել

Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի զինված ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին նոր ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ռազմական գործողությունները ծրագրվում է իրականացնել Եփրատ գետի Արևելյան ափին տեղակայված քրդական ուժերի դեմ:

«Եփրատի արևելքն ահաբեկչական խմբավորումներից մաքրելուն ուղղված ռազմական գործողություններ ենք իրականացնելու: Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ը խոստացել էր Թուրքիային, որ չի օժանդակելու Սիրիայի քրդերին (PYD/YPG), չի կատարել իր խոստումը: Պարզ է, որ ԱՄՆ-ը դիտակետեր է հիմնել, ոչ թե Թուրքիային ահաբեկիչներից պաշտպանելու համար, այլ հակառակը»,-նախագահական պալատում ելույթի ժամանակ ասել է Էրդողանը:

Էրդողանը միևնույն ժամանակ նշել է, որ թուրքական ԶՈՒ-ի թիրախը լինելու են, ոչ թե ամերիկացի զինվորները, այլ՝ քրդերը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում