Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինը

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահի կինը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը՝ Զամիրա Խադիջևան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ձերբակալված Խադիջևան հնարավոր է, որ արտահանձնվի Ադրբեջանին:

Խադիջևայի ձերբակալման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա չի կարողացել հիմնավորել և ապացուցել իր միլիոնների հասնող ունեցվածքի և գումարային միջոցների օրինականությունը:

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը, 2018թ․սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով, պահանջել էր բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ՝ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել էր տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն էր սկսել, սակայն պատասխանող կողմի տվյալները հրապարակվել են միայն 2018թ․ հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը՝ Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով՝ նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինգ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք։

Խադիջևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցիկ քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ՝ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։

Խադիջև ամուսինները, արձագանքելով դատարանի նման որոշմանը, նշել են, որ իրենց ունեցվածքն օրինական է, և դատարանի որոշումն անվանել են անարդար։

Ջհանգիր Խադիջևը 2001-2002 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի Միջազգային բանկը:

2016թ․ Ջհանգիր Խադիջևը մեղադրվել է խարդախության հատկանիշներով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Այնուհետև դատարանը Խադիջևին տուգանել է 40 մլն դոլարի չափով։ Խադիջևի կատարած խարդախությունների արդյունքում Ադրբեջանի Միջազգային բանկի հաշիվներից անհետացել են տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում