«Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն

«Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը:

«Հայերը իրենց մեջ կրել են քրիստոնեական արժեքները մինչ քրիստոնեությունը: Մենք հայտարարում ենք, որ Երևանը սիրո եւ համերաշխության մայրաքաղաք է: Երևանը պետք է լինի ազգային արժեքների վերաստեղծման հեղափոխության մայրաքաղաք: Մի բան, որից մեզ կտրել են»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` Երևանի ավագանու ընտրությունների կուսակցականացվածությունը պետք է լուրջ և իրատեսական խնդիրների վերհանման առիթ հանդիսանար, սակայն նման քայլ իրենց մրցակիցների մոտ քիչ է տեսել: Ինչ վերաբերում է իրենց ցուցակին, ապա թեկնածուի խոսքով` այնտեղ մարդիկ են, ովքեր առանձնանում են ոչ թե իրենց կուսակցական պատկանելությամբ, այլ` մասնագիտական կարողություններով:

«Ընտրական օրենսգիրքն ամրագրում է, որ Երևանի, Գյումրու և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրությունների տեղի են ունենում կուսակցական սկզբունքով, իսկ կուսակցությունների մոտ առաջնային է գաղափարական խնդիրների վերհանումը: Մենք մեր գործընկերների մոտ քիչ տեսանք գաղափարական խնդիրների վերհանումը և դրանց շուրջ բանավեճը: Մեր համոզմամբ` մեկ անձը, ավագանին ու քաղաքապետարանի աշխատակիցը միայնակ չեն կարողանա լիարժեք իրականացնել այն խնդիրները, որոնք ծառացած են քաղաքի առաջ: Պատահական չէ, որ Հայքի ցուցակում կան անկուսակցականներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով են առանձնանում: Տարիներ առաջ ղեկավար մարմիններին առընթեր ստեղծվում էին մասնագիտական խորհուրդներ, որտեղ առաջատար մասնագետներ էին, ովքեր հակված էին, որպեսզի այդ խորհուրդների միջոցով խնդիրներն ու լուծումները հասցնեին գերատեսչություններին ու պատկան մարմիններին»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:

«Հայք» կուսացկության ավագանու ցուցակի երկրորդ համարն անընդունելի է համարում թեկնածուների միջև կռիվները, հատկապես, եթե դրանք միտված են իրար սևացնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում