Դե Միստուրան Իդլիբում իրավիճակը կարգավորելու ծրագիր է ներկայացրել

Դե Միստուրան Իդլիբում իրավիճակը կարգավորելու ծրագիր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Իդլիբում իրավիճակը կարգավորելու ծրագիր է ներկայացրել, ըստ որի տեղական քաղաքացիական բնակչությունը և երաշխավոր երկրները պետք է խնդրեն զինյալներին հեռանալ բնակավայրերից, հայտնում է РИА Новости-ն:

«Բնակչությունը չպետք է հեռանա: Բնակավայրերից, գյուղերից պետք է հեռանան զինյալները: Ան-Նուսրան», – ասել է նա ուրբաթ` տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Նրա կարծիքով՝ սա լուծելի խնդիր է: Մասնավորապես, ըստ հատուկ դեսպանորդի, Իդլիբում 3 միլիոն մարդկանց 98.5-98.8 տոկոսը քաղաքացիական անձինք են, ովքեր «ձայնի իրավունք ունեն»:

«Իդեալական տարբերակում բոլոր զինված մարդկանց, բոլոր զինյալներին, պետք է վերջնաժամկետի սահմանմամբ խնդրել իրենց ռազմական ներկայությունը, բազաները բնակավայրերից, գյուղերից հեռացնել: Բնակավայրերն այդ ժամանակ կմնան տեղական քաղաաքացիական խորհուրդների և տեղական ոստիկանության վերահսկողության տակ», – առաջարկել է Միստուրան:

Մասնավորապես, նման խնդրանքը պետք է փոխանցել Ան-Նուսրայի զինյալներին, և ըստ նրա, երաշխավոր պետությունները պետք է դա անեն: Այս հարցում Միստուրան ամենից շատ հույսը դնում է Թուրքիայի վրա, որը կարող է հանդես գալ կոշտ հայտարարություններով:

Ռուսաստանը և Թուրքիան պետք է հանդես գան որպես այս տարբերակի հիմնական երաշխավորներ, կարծում է Միստուրան: Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ այդ ծրագրի իրականացման փորձերի ժամանակ օդային հարվածներ և խոշոր հարձակումներ չի իրականացնի բնակավայրերի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում