ՊԵԿ-ը 15.6 տոկոսով ավելի եկամուտ է հավաքագրել

ՊԵԿ-ը 15.6 տոկոսով ավելի եկամուտ է հավաքագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Պետեկամուտների կոմիտեն հավաքագրել է 649.7 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով: Նշվածից 496.8 միլիարդ դրամը հավաքագրվել է հարկային մարմիններից, 152.9 միլիարդ դրամը՝ մաքսային մարմիններից:

Այս մասին տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 88.2 միլիարդ դրամ կամ 15.6 տոկոս: Հարկային մասով աճը կազմել է 68.9 միլիարդ դրամ կամ 16.1 տոկոս, մաքսային մասով՝ 19.3 միլիարդ դրամ կամ 14.4 տոկոս: Ընդ որում՝ ավելի հավաքագրված 88.2 միլիարդ դրամ գումարից 32.3 միլիարդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Ինչ վերաբերում է ԱԱՀ վերադարձերին, ապա Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ 2018-ի հունվար-հունիսին հարկ վճարողների բանկային հաշիվներին վերադարձվել է 50.7 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 28.9 միլիարդ դրամի փոխարեն: «Հունիսին մենք ավելի շատ եկամուտներ ենք հավաքագրել ու ավելի շատ ԱԱՀ վերադարձրել տնտեսավարողներին»,-նշեց պաշտոնյան:

Անդրադառնալով հարկային մարմինների կողմից իրականացված վարչարարությանը՝ նա նկատեց, որ վեց ամսվա կտրվածքով համալիր ստուգումների թիվը կազմել է 477, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 21 տոկոսով: «Սրա փոխարեն ավելացել է, կրկնապատկվել է թիրախային ստուգումների թիվը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում իրականացվել է 2 հազար 400 թիրախային ստուգում, ապա այս տարի 4 հազար 800: Սա վկայում է այն պարզ իրողության մասին, որ համալիր ստուգումների թիվը գնալով պակասում է, ավելանում են թիրախային ուսումնասիրությունները, հարկային վարչարարությունն ավելի հասցեական է դառնում»,-հավելեց Դավիթ Անանյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ վարչարարությունն առավելապես ուղղված է միջին ու խոշոր հարկ վճարողներին, փոքրերի մոտ ավելի շատ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում