Ջավախքում նշել են Շուշիի ազատագրման օրը

Սամցխե-Ջավախքում անցկացվել են մի շարք միջոցառումներ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տոներին նվիրված:

Ախալցխայի եւ Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոններում բոլոր խմբակների համար անցկացվել են դասախոսություններ եւ ֆիլմի դիտումներ նվիրված Շուշիի ազատագրման 21 ամյակին:

Նույն օրը Ախալքալաքի նկարիչների դպրոցում բացվել է ցուցահանդես նվիրված հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որը Ախալքալաք տեղափոխվեց Թբիլիսիից: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էր Վիրահայոց թեմի առաջնորդ Եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը: Այս մասին տեղեկացնում է AKhaltkskha.net լրատվական կայքը:

Արդեն երեկոյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցական արարողություն նվիրված Հիսուս Քիրստոսի համբարձման տոնին, որից հետո եկեղեցու բակում Շուշիի ազատագրման եւ Սբ. Համբարձման տոների առթիվ Սրբազան հոր ներկայությամբ տեղի ունեցավ ազգագրական երգերի ու պարերի համերգ, որը կազմակերպվել էր Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի կողմից:

Միջոցառման ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց Շուշիի ազատագրման մեծ հաղթանակի կարեւորության մասին եւ ավելացրեց, որ Շուշիի ազատագրումը, ինչպես նաեւ հայկական բոլոր հաղթանակները, նպաստում են նաեւ Վրաստանի պետականության ամրացմանը: Նրա խոսքերով’ երբ Իվանե եւ Զաքարե եղբայրները պայքարում էին, նրանք պայքարում էին Վրաստանի եւ Հայաստանի համար ու, երբ Դավիթ Բեկը պայքարում էր, ապա պայքարում էր թե Վրաստանի եւ թե Հայաստանի համար: Սրբազան հոր խոսքերով’ մեր ժողովուրդները նաեւ միասին էին պայքարում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Վիրահայոց թեմի առաջնորդը նաեւ իր խորհին շնորհակալությունը հայտնեց Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի կազմակերպիչներին եւ սաներին եկեղեցու բակում գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար ու օգտվելով առիթից, բոլորին վաղը հրավիրեց Թբիլիսի Հայարտան կողմից կազմակերպվելիք Շուշիի ազատագրման 21 ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում