Լույս է տեսել Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայալեզու գիրքը. Հայկ Թութունջյանն իրագործել է հոր վերջին ցանկությունը

Լույս է տեսել Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայալեզու գիրքը. Հայկ Թութունջյանն իրագործել է հոր վերջին ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո)«Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել նաև հայերեն տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանն ասաց, որ գիրքը հոր համար շատ մեծ նշանակություն և կարևորություն ուներ:

«Գիրքը ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման ու զարգացման 80-ամյա պատմությունը, հիսունից ավելի նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարներ և շուրջ 80 երաժիշտ կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Գրքում ուշադրության է արժանացել նաև հայկական ծագումով նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը»,- նշեց Հայկը և հավելեց, որ գրքում տեղ է գտել արխիվային մի քանի հարյուր լուսանկար: Հայկ Թութունջյանը շեշտեց, որ գրքի օրիգինալ` ռուսալեզու տարբերակը տպագրվել և լույս է տեսել 2015 թվականին:

«Հորս երազանքն էր հայերեն տարբերակով գիրքը տպագրելը, որպեսզի ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար հասանելի լինի: Նա մոտ երեք տարի աշխատել էր իր ռուսալեզու գրքի վրա: Իր վախճանից մի քանի ամիս առաջ սկսել էր այն թարգմանել և մահից հետո պատահական իմացա, որ այն գրեթե պատրաստ է»,- ասաց Չիկոյի որդին: Նրա պնդմամբ՝ հայրը գրքի թարգմանությունից հետո արդեն միջոցներ էր փորձում գտնել հրատարակելու համար:

«Հորս թարգմանած տարբերակը չգիտեի, թե որտեղ է և շատ պատահական` մի քանի ամիս առաջ, իմացա, որ այն գտնվում է «Վան Արյան» հրատարակչությունում: Գրքում որոշակի թարմացումներ ինքս եմ արել, որ իր մահից հետո են եղել, որպեսզի ժամանակագրությունը չխախտվի: Նա շատ էր աշխատել, որպեսզի 80 տարվա պատմություն ունեցող հայկական ջազի ոլորտից բացարձակապես ոչ ոք դուրս չմնար»,- եզրափակեց Հայկը և հավելեց, որ հպարտ է հոր վերջին ցանկությունն իրագործելու համար:

Հայկ Թութունջյանը նախատեսում է նաև անգլերեն լեզվով թարգմանել ու ինչպես ինքն ասաց` հենց վաղվանից էլ կսկսի զբաղվել այդ հարցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում