ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ. Զոհրաբ Մնացականյան

ԵԱՏՄ-ն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Եվրասիական տնտեսական միությունը շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար, այն հնարավորություն է տալիս դուրս գալ մեծ շուկաներ: Այս մասին Коммерсант-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մեր վարչապետն արդեն ասել է, թե Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում ինչ է նշանակում ԵԱՏՄ-ն մեր երկիրը զարգացնելու ու համախմբելու մեխանիզմների օգտագործման համատեքստում: ԵԱՏՄ-ն այն մեխանիզմն է, որն աշխատում է զարգացման ուղղությամբ: Եվ մենք այն կիրառում ենք: Այն շատ լավ ձևաչափ է գործընկերների փոխգործակցության համար, մեզ դուրս է բերում մեծ շուկաներ, տալիս է գործընկեր երկրներում ազատ աշխատելու, բազմաթիվ ոլորտներում համագործակցելու հնարավորություն»,-ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է կառույցի դերը երկրի զարգացման գործում՝ հիշեցնելով, որ այդ մասին դրույթները ներառված են նաև ՀՀ կառավարության ծրագրում:

Խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկած հարցերից՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ շատ գոհ է բանակցությունների դինամիկայից:

«Սերգեյ Լավրովի հետ մենք ունեցել ենք սահմանափակ ժամանակ, սակայն սեղանին դրված է եղել բավական հաստ թղթապանակ: Մենք կարողացանք այդ ընթացքում անդրադառնալ ամբողջ թեմատիկային»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում