Փոքր ու միջին ռուս արտահանողները Հայաստանի հետ հույսեր են կապում նոր կառավարության ձևավորումից հետո

Փոքր ու միջին ռուս արտահանողները Հայաստանի հետ հույսեր են կապում նոր կառավարության ձևավորումից հետո

ԾԱՂԿԱՁՈՐ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ռուսական ընկերությունները մեծ փոփոխություններ են արձանագրել: Ծաղկաձորում «ԵԱՏՄ՝ Հայաստան-համագործակցություն» գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոքր ու միջին արտահանողների ասոցիացիայի նախագահ Յուրի Շուրիգինը: «Եթե նախկինում, ինչպես Հայաստանի գործընկերներն են ասում, առևտրային մենաշնորհներ կային մի շարք ապրանքախմբերի մասով՝ հավի միս, շաքարավազ և այլն, ապա հիմա մաքսատանը դրանց մասով շատ հանգիստ ու արագ ձևակերպում ու մուտքի իրավունք են տալիս: Եթե նախկինում դա մի քանի օր էր տևում, ապա հիմա՝ ընդամենը 40 րոպե: Սա ռուսական ընկերությունների համար ևս հնարավորություն է ստեղծում մուտք գործել տնտեսության այն ոլորտները, որոնք նախկինում մենաշնորհային էին»,-ասաց ռուս փորձագետը:

Նրա խոսքով՝ հայ գործընկերների հետ աշխատանքի առումով դժվարություններ չեն առաջանում, հարցերի դեպքում, որն իրենք չեն կարողանում լուծել, անպայման դիմում են հայերին և ստանում աջակցություն: «Հայ գործընկերների հետ կապված դժվարություններ չկան, համագործակցում ենք հանգիստ, մեր միջև կա լիակատար փոխըմբռնում: Միայն մի մանրուք կա, որն օբյեկտիվ պատճառներով անհեռանկարային է դարձնում ձեր շուկան ռուսական ընկերությունների համար: Դա շուկայի ծավալի սահմանափակությունն է»,-հավելեց Յուրի Շուրիգինը:

Ռուս ներկայացուցիչը խոսեց նախորդ տարիներին Հայաստանում անցկացված համաժողովների արդյունքում ռուսական ընկերությունների ձեռքբերումների մասին՝ կապված Վրաստանի և Իրանի շուկաներ մուտքի հետ: «Նախորդ տարիներին համաժողովին մենք տարբեր շրջաններից պատվիրակություններ էինք բերել, այդ թվում՝ Յարոսլավլի մարզից: Հանդիսավոր ընթրիքի ժամանակ ընկերություններից մեկը նստած էր մեր սեղանի շուրջ, որտեղ կային նաև վրացի պատվիրակներ: Դա երկու տարի առաջ էր, դրանից հետո ապրանքի 4-5 մատակարարում է արվել է այդ ընկերության կողմից դեպի Վրաստան: Բացի այդ՝ գտել են ուրիշ գործընկերներ և մուտք գործել վրացական շուկա: Դա այն հաղորդակցությունների շնորհիվ, որոնք ծավալվում են թե ֆորմալ, թե ոչ ֆորմալ ձևաչափով»,-ասաց ռուսական կողմի ներկայացուցիչը:

Մեկ այլ դեպքում էլ հայ գործընկերները նպաստել են, որպեսզի ռուսական ընկերությունը մուտք գործի իրանական շուկա: «Ռուսական ընկերություններ կային, որոնք ցանկանում էինք մուտք գործել իրանական շուկա, բայց չգիտեին պարսկերեն, չէին հասկանում նրանց մենթալիտետը: Հայկական կողմը պատրաստի լուծում առաջարկեց, ու արդեն սկսել են մատակարարումները»,-հավելեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում