Հայ օպերային արվեստի վառ ներկայացուցիչները հանդես եկան Եվրոպայի օրվան նվիրված համերգին

Հայ օպերային արվեստի վառ ներկայացուցիչները հանդես եկան Եվրոպայի օրվան նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվա կապակցությամբ իրականացված օպերային երաժշտության համերգին մենակատարներ Հասմիկ Թորոսյանը, Հովհաննես Այվազյանը, Սարգիս Աղամալյանը, Մարինե Դեինյանը, Նունե Բադալյանը հատվածներ հնչեցրեցին ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական օպերաներից:

Համերգը տեղի ունեցավ մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ տոնական համերգային ծրագրի մեկնարկը այդ մասին լրագրողների հետ զրուցեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

«Մեզ համար պատիվ է այս նախաձեռնությունն իրականացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ: Սա Եվրոպայի օրվա տոնակատարությունների ծրագրի մշակութային ամենավառ իրադարձությունն է: Այս տարի միջոցառումները սկսել ենք մայիսի 11-ին Երևանում, այնուհետև շրջել ամբողջ Հայաստանով և կրկին վերադարձել մայրաքաղաք»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանը շեշտեց, որ համերգն անցկացվում է օպերային ձևաչափով, քանի որ օպերան սիրո մասին է և Հայաստանում վերջերս տեղի ունեցած սիրո էվոլյուցիան ներդաշնակ է կայանալիք միջոցառման հետ:

Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ օպերային թատրոնի ամենավառ և ինքնատիպ մեներգիչները կկատարեն արիաներ ճանաչված եվրոպական օպերաներից և օպերետներից:

Օրբելյանը խոստովանեց, որ ի սկզբանե նախատեսված էր բացօթյա օպերային երեկո իրականացնել, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով համերգը տեղի կունենա օպերային թատրոնում:

2018 թվականը հայտարարվել է Մշակութային ժառանգության Եվրոպական տարի: Տարվա ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում