Նիկոլ Փաշինյանը զբաղված է դասական քաղաքական գործունեությամբ

Նիկոլ Փաշինյանը զբաղված է դասական քաղաքական գործունեությամբ

Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, կոչվում է դասական քաղաքական գործունեություն: Իհարկե կարող են նրան քննադատել ընդդիմադիր այլ ուժերը, նրա օրակարգը համարել կեղծ, նպատակներն անիրականալի, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: 

Փաստը մնում է այն, որ միայն տվյալ քաղաքական միավորն է հավակնում այսօրվա դրությամբ դառնալու միակ այլընտրանքային ուժը գործող իշխանություններին: Եթե ամեն ինչ ընթանա այն ճանապարհով, որն առկա է այսօր, դրա պտուղները կտեսնենք հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

Բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը համարում են կեղծ, դրանով կամ ջուր են լցնում իշխանության ջրաղացին, կամ այնքան էլ լավ չեն պատկերացնում ինչ ասել է քաղաքական օրակարգ: Իրական քաղաքական կեղծ օրակարգը, այդ օրակարգի բացակայությունն է, որը տեսնում ենք իրենց ըննդիմադիր կամ ոչ իշխանական համարող մի շարք քաղաքական միավորների մոտ:

Եթե քաղաքական ուժը որևէ օրակարգ չի առաջարկում, որևէ գործողությամբ չի հակազդում իշխանությանը, այլ Փոքր Մհերի պես սպասում է երբ է ցորենը դառնալու մասուրի չափ, ապա Մհերի պես էլ հավերժ կմնա քարանձավում:

Եթե այդ ամենին գումարած քննադատության սլաքներն ուղղում են միաժամանակ և իշխանությանը և ընդդիմադիր մյուս հատվածին, դրանով կամա թե ակամա հայտնվում են իշխանության շահերի սպասարկողի կարգավիճակում: Որովհետև քննադատելով երկուսին միաժամանակ, խլում ես ձայները ընդդիմությունից ու ընդդիմադիր ընտրազանգվածին մղում հերթական հիասթափության ու անգործության: իսկ ի տարբերություն ընդդիմությանը, իշխանությունները միշտ կարող են ապահովել իրենց ձայները ի շնորհիվ ֆինանսական ու վարչական ռեսուրսների:

Իհարկե պարտադիր չէ, որ ընդդիմադիր դաշտը լինի միատարր, իհարկե քաղաքական պայքարի տրամաբանությունը տարբեր ընդդիմադիր թևերի միջև նույնպես ենթադրում է մրցակցություն, սակայն երբ մրցակցությունը հիմնվում է միայն մյուսի քայլերի քննադատության ու արժեզրկման վրա, երբ «կեղծ քաղաքական» օրակարգին որպես այլընտրանք մատուցվում է «դատարկ քաղաքական» օրակարգը, գործողություններին՝ անգործությունը, դրանից շահում է միայն իշխանությունը:

Ինչ վերաբերվում է նպատակների անիրականալի լինելուն, բնականաբար բոլորն են հասկանում, որ Գյումրիից Երևան ոտքով գալը, ԱԺ դահլիճում գունավոր ծուխ բաց թողնելը, չեն կարող կասեցնել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, եթե կա իշխող ուժի ու հատկապես Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումը: Սակայն առավել գերադասելի է հասարակությանը ցույց տալ, որ կա քաղաքական այն կառույցը, ով պայքարում է երկրում քաղաքական մրցակցություն ապահովելու համար, քան հայտարարել, որ մենք չենք առաջադրում թեկնածու, քանի որ վստահ չենք հաղթանակին

Ինչ խոսք, քաղաքական առումով անհեռանկարային է իշխող բացարձակ մեծամասնությունից պահանջել, որպեսզի նրանք չառաջադրեն այն թեկնածուին, որն իրենք են ուզում: Սակայն քաղաքական գործընթացի տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի իշխանություններին հակազդելու քայլերով ոչ միայն ձգտել դառնալու լուրջ քաղաքական գործոն, այլև ընտրությունների միջոցով երբևէ վերածվելու խորհրդարանական մեծամասնության կամ նվազագույնը հնարավորություն ունենալ քաղաքական որոշումների վրա ազդելու:

Հենց դրանով էլ ըստ էության զբաղված են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցությունը:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում