Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմը մայիսին կլինի եթերում

Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմը մայիսին կլինի եթերում

Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կցուցադրվի Էնթոնի Բուրդենի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի և Արցախի մասին:

Ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր` 11-րդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրվի 8 էպիզոդ, որոնց շրջանակում հեղինակն այցելել է Արևմտյան Վիրջինիա (ԱՄՆ), Նյուֆաունդլենդ (Կանադա), Ուրուգվայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) և Հոնգ Կոնգ:

Հայաստանի մասին պատմող էպիզոդը կցուցադրվի մայիսի 20-ին: Հաղորդման մեջ հեղինակը լայնորեն ներկայացնում է երկրի մշակույթն ու պատմությունը: Նրան ուղեկցում են հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդենը բացահայտում է տեղի և սփյուռքում բնակվող հայերի վերապրումի պատմությունն ու գրանցած հաջողությունները:

Էնթոնի Բուրդենը Հայաստան և Արցախ էր այցելել 2017 թվականի հոկտեմբերին: Արցախում նա եղել է Շուշիում, որտեղ ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական մածուն, թթի և հոնի օղի: Արցախ այցելությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ CNN-ի թղթակիցը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում